Վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը կհրապարակի երկուշաբթի օրը

Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Վերաքննիչ դատարանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակի երկուշաբթի օրը՝ օգոստոսի 13-ին, ժամը 16:00-ին: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց նախկին նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը:

Այսօր առավոտից շարունակվում էր պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու՝ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքի՝ երեկ մեկնարկած քննությունը: Նիստն անցնում էր դռնփակ:

Ըստ Քոչարյանի փաստաբան Հայկա Ալումյանի, ձգձգման պատճառն այն է, որ դեռևս բավականաչափ փաստարկներ կան, որոնք դատարանում պետք է ներկայացնեն ինչպես մեղադրող, այնպես էլ պաշպանական կողմերը: Այս պահին վերաքննիչ բողաքի վերաբերյալ իր առարկություններն է ներկայացնում մեղադրող կողմը:

Երեկ փաստաբան Հայկ Ալումյանը դատարանում Ռոբերտ Քոչարյանի ունեցած ելույթը «փայլուն» էր որակել, համարելով, որ իմաստ ունի հրապարակել այդ ելույթի զգալի մասը:

Վերաքննիչ դատարանում լսվում էր երկու միջնորդություն: Դրանցից մեկով պահանջվում է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումն ու կալանքից ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, մյուս միջնորդությամբ, որը ներկայացրել է փաստաբան Ալումյանը, առաջարկվում է Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինել գրավի դիմաց ազատ արձակմամբ:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի 46 պատգամավորների ստորագրությամբ օրերս երաշխավորագիր է ներկայացվել դատարան, որով խնդրվում է կալանքից ազատ արձակել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Սակայն, այն ստորագրած պատգամավորներից ոչ մեկը ոչ երեկ, ոչ էլ այսօր վերաքննիչ դատարան չեն եկել:

Դատարանի շենքի առջև այսօր բողոքի ակցիա իրականացրեց Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Նա և իր թիմակից Սոնա Աղեկյանը պարզել էին «Քոչարյանի տեղը բանտախցում է» գրառմամբ պաստառ:

Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-2-ի արյունալի իրադարձությունների գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Նախկին նախագահը և նրա շահերի պաշտպանները պնդում են, որ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: