Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի դեմ վերաքննիչ բողոքի քննությունը կշարունակվի վաղը

Պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու՝ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը կշարունակվի օգոստոսի 10-ին:

«Հետաձգման պատճառն այն է, որ գործը մինչև հիմա քննվում էր և դեռ շատ փաստարկներ պետք է ներկայացվեին երկու կողմերից», - «Ազատության» հետ զրույցում նշեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: - «Գործի քննությունը հետաձգվեց մինչև վաղը՝ ժամը 14:00»:

Վերաքննիչ դատարանում քննվում է երկու միջնորդություն, մեկը՝ առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով, մյուսը վերջերս գործին միացած փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունն է կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ:

Ազգային ժողովի չորս տասնյակից ավելի պատգամավորներ երաշխավորություն են ներկայացրել դատարանին, նրանցից ոչ մեկը դեռ դատարանի շենքի բակ չի եկել, բողոքի գործողություններ չեն եղել:

Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-2-ի արյունալի իրադարձությունների գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, հուլիսի 27-ին դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Նախկին նախագահը և նրա շահերի պաշտպանները պնդում են, որ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: