Ուկրաինայի օմբուդսմեն․ Անհրաժեշտ են հրատապ քայլեր Սենցովի կյանքը փրկելու համար

Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպան Լյուդմիլա Դենիսովա, արխիվ

Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է, թե անհրաժեշտ է հրատապ քայլերի դիմել ռեժիսոր Օլեգ Սենցովի կյանքը փրկելու համար, ով շուրջ երեք ամիս է՝ հացադուլ է հայտարարել ռուսական բանտում:

Օմբուդսմեն Լյուդմիլա Դենիսովան Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկերոջ հետ և քննարկել Սենցովի կյանքը փրկելու մի քանի տարբերակներ, այդ թվում՝ առաջարկել է վերջինիս փոխանակել Ռուսաստանի քաղաքացի Ալեքսեյ Սեդիկովի հետ, ով այժմ գտնվում է ուկրաինական բանտում: Ռուս իրավապաշտպանը, սակայն, պնդել է, թե դա տեխնիկապես հնարավոր չէ, քանի որ Ղրիմում ծնված Սենցովը Ռուսաստանի քաղաքացի է և ըստ օրենքի չի կարող փոխանակվել Ռուսաստանի մեկ այլ քաղաքացու հետ:

Ղրիմում ծնված, ազգությամբ ուկրաինացի Սենցովը ձերբակալվել է 2014 թվականին, Ռուսաստանի կողմից թերակղզու բռնակցումը հրապարակայնորեն դատապարտելուց հետո: Ռուսաստանի իշխանությունները պնդում են, թե նա իբր ոստիկանական բաժանմունք է հրդեհել ու ահաբեկչություններ ծրագրել Ղրիմում, ինչը հիմնավորող ապացույցներ, սակայն, չեն հրապարակվել: