Հեղափոխությունը չի հանգեցրել տնտեսության անկմանը, արձանագրվել է տնտեսական ակտիվություն․ Վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարում է կառավարության նիստը, 9-օգոստոսի, 2018 թ․

Հեղափոխությունը Հայաստանում ոչ միայն տնտեսական անկման չի բերել, այլև հանգեցրել է տնտեսական ակտիվության: Այսօր կառավարության նիստում անդրադառնալով առաջին կիսամյակի տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշին՝ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդունված է կարծել, որ քաղաքական այսպիսի փոփոխություններից հետո սովորաբար տնտեսությունները, տնտեսական ակտիվությունը կտրուկ անկում է ապրում, բայց կարծում եմ՝ մեր հեղափոխությունը այս դեպքում էլ շատ կարևոր առանձնահատկություն գրանցեց․ պաշտոնական վիճակագրության համաձայն, մենք հունիս ամսվա ընթացքում ունեցել ենք 9,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, կիսամյակային տվյալով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8,9 տոկոս: Այսինքն՝ հեղափոխությունը, քաղաքական փոփոխությունները, ոչ միայն տնտեսական անկման չեն բերել, չնայած սովորաբար այդպես է լինում և դա նորմալ է համարվում, ընդհակառակը՝ բերել են որոշակի տնտեսական ակտիվության: Դա իհարկե պայմանավորված է որոշ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ազգային վիճակագրական ծառայության օրերս հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում առաջին կիսամյակում տնտեսական ակտվիությունը կազմել է 8,9 տոկոս: Առանձնանում են արտաքին առևտրի տվյալները․ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ երկրից արտահանումն աճել է 20 տոկոսով, ներմուծումը՝ 339 տոկոսով: «Մեր ամենակարևոր դիրքորոշումը տնտեսության բնականոն, օրինական զարգացմանը չխանգարելն է, ընդհակառակը՝ օգնելն է»,- կառավարության նիստին հայտարարեց վարչապետը:

Այնուհետև ելույթ ունեցավ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Վերջինս նկատեց՝ ցանկացած գործարարի համար կարևոր է նման ուղերձ ստանալ երկրի ղեկավարությունից: «Չափազանց կարևոր էր այս ուղերձը, որովհետև իսկապես մենք էլ նախարարությունում հնադիպում ենք ներդրողների կամ պոտենցիալ ներդրողների հետ, և շատ կարևոր է, որ այդ խոսքերը ձեզնից լսվեն»,- դիմելով վարչապետին, ասաց Մինասյանն ու շարունակեց․

«Որովհետև շատ զգայուն է բիզնեսը, և այս խոսքերը վստահություն են ներշնչում նաև իրենց, որ այն ամենը, ինչ արվում է՝ արվում է բացառապես օրենքի առջև բոլորի հավասարությունն ապահովելու սահմանադրական սկզբունքի ներքո: Իսկապես տնտեսական ցուցանիշները շատ լավն են, ժողովրդական լեզվով ասած՝ աչքով չտանք, բայց շատ կարևոր են հետագա բարեփոխումները»:

Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու համար այլևս կարիք չկա որևէ մեկի «դաբրոն» ստանալ՝ ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք երաշխավորում ենք, Հայաստանի Հանրապետության կառավարությունը երաշխավորում է ներդրումների անվտանգությունը: Սա նշանակում է, որ որևէ ներդրում որևէ ձևով չի կարող որևէ վտանգի ենթարկվել: Մի պայմանով, որ դա օրինական ներդրում է, այսինքն՝ այդտեղ ապօրինի գործունեության որևէ հետք չկա: Ցանկացած ներդրում և ներդրող ազատ է որևէ կոռուպցիոն պարտավորությունից որևէ մակարդակում:

Այսինքն՝ եթե հանկարծ որևէ ադպիսի դրսևորում կլինի, դա կլինի կառավարության և իրավապահ մարմինների պատասխանատվությունը, որ արագ այդ խնդիրները լուծեն և պատասխանատվության ենթարկեն բոլոր նրանց, ովքեր որևէ ներդրողի նկատմամբ փորձում են ձևավորել կոռուպցիոն որևէ պարտավորություն»,- հայտարարեց վարչապետը:

«Հայ ազգային կոնգրեսի» ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով, հեղափոխությունն, անշուշտ, չի լուծել հայաստանյան տնտեսության առջև ծառացած բոլոր հիմնախնդիրները, սակայն փոփոխություններն արդեն իսկ ակնհայտ են: «Փոփոխությունն այն է, որ իրականում մենաշնորհային դաշտում էական փոփոխություններ կան, և հիմա գործարարները համոզվել են, որ իսկապես Հայաստանում բիզնեսի ցանկացած տեսակով կարելի է զբաղվել, ու ոչ ոք չի կարող ձեզ անհանգստացնել կամ արգելել:

Երկրորդը կոռուպցիայի դեմ պայքարն է, որին բոլորս ենք ականատես: Դա նույնպես էական ազդեցություն է ունեցել տնտեսական կյանքի վրա: Բայց էստեղ մի բայց կա, որը, համոզված եմ՝ ընթացքում կլուծվի․ նախկին կոռուպցիոն սխեմաները չեն աշխատում, բայց դեռևս նոր՝ օրինական սխեմաները նույնպես չեն աշխատում»,- ասաց Վահագն Խաչատրյանը: