Վերաքննիչ դատարանը հինգշաբթի օրը քննում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման դեմ բողոքը:
Նիստը դռնփակ է: Դատավարությունը սկսվեց ժամը 12-ին, փաստաբանները այդ ժամից մոտ տասը րոպե առաջ եկան դատարան: Նրանք հրաժարվեցին պատասխանել լրագրողների հարցերին, խոստանալով բոլոր հարցերին պատասխանել նիստի ավարտից հետո:
Երկրորդ նախագահը ավելի վաղ է եկել դատարան:
Քննվում է երկու միջնորդություն, մեկը՝ առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով, մյուսը վերջերս գործին միացած փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունն է կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ:
Ենթադրվում է, որ դատական նիստը դեռ մի քանի ժամ կտևի:
Ազգային ժողովի չորս տասնյակից ավելի պատգամավորներ երաշխավորություն են ներկայացրել դատարանին, նրանցից ոչ մեկը դեռ դատարանի շենքի բակ չի եկել, բողոքի գործողություններ չեն եղել:
Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-2-ի արյունալի իրադարձությունների գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, հուլիսի 27-ին դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Նախկին նախագահը և նրա շահերի պաշտպանները պնդում են, որ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: