Վրաստանի վարչապետը Ռուսաստանին կոչ է անում դուրս բերել զորքերը Աբխազիայից ու Հարավային Օսիայից

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձե, արխիվ

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն կոչ է արել Ռուսաստանին դուրս բերել զորքերը Աբխազիայից ու Հարավային Օսիայից՝ ընդգծելով, որ Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը այլընտրանք չունի:

«Մենք պետք է գնանք դեպի բարգավաճում և գրավյալ տարածքներում ապրող մեր համաքաղաքացիներին առաջարկենք նոր ծրագրեր՝ ուժեղ ու միասնական պետություն կառուցելու համար», - ասել է վրացական կառավարության առաջնորդը` ընդգծելով. - «Ռուսաստանը ագրեսոր է, որը գրավել է մեր տարածքի մի մասը»:

Վրաստանի արտգործնախարարությունն էլ հաղորդում է, թե երեկ՝ ռուս-վրացական պատերազմի տասներորդ տարելիցին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ Մեծ Բրիտանիայի նախագահությամբ, փակ նիստ է անցկացրել «Վրաստանի գրավյալ տարածքներում» տիրող իրավիճակի շուրջ: Քննարկման ավարտին Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Շվեդիան և Լեհաստանը համատեղ հայտարարություն են տարածել, ընդգծելով՝ պատերազմից տասը տարի անց Ռուսաստանը շարունակում է ռազմական ուժեր տեղակայել Վրաստանի տարածքում և խորացնել ինտեգրացիոն գործընթացները ինքնահռչակ Հարավային Օսիայի ու Աբխազիայի հետ, ինչը խոչընդոտում է հակամարտությունների կարգավորման դիվանագիտական ջանքերին: