Գայանե Ղազարյանը մարտիմեկյան դեպքերից 10 տարի անց միայն տուժողի կարգավիճակ ստացավ

Գայանե Ղազարյանը

2008 թվականի մարտիմեկյան դեպքերից 10 տարի անց միայն արյունալի իրադարձությունների ականատես ու մասնակից Գայանե Ղազարյանը ճանաչվել է տուժող։ Նա և իր մայրը մասնակցել են 2008 թ․ նախագահական ընտրությունների արդյունքների դեմ կազմակերպված գերթե բոլոր բողոքի ցույցերին։

Գայանեն, ով, ի դեպ, ակադեմիկոս, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ռաֆայել Ղազարյանի դուստրն է,10 տարի անց էլ վերհիշում է՝ դեպքի օրը, երբ քայլել են Մաշտոցի պողոտայով, տեսել են, որ պողոտան ամբողջությամբ լցված է իրավապահներով, որոնց շարքերում եղել են նաև բարձրաստիճան պաշտոնյաներ: Դրանցից մեկը, Գայանեի պնդմամբ՝ այն ժամանակ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Գրիգոր Գրիգորյանն էր։

«Մայրիկս ճանաչում էր, մոտեցավ Գրիգոր Գրիգորյանին, ասաց՝ ի՞նչ եք անում, հո չե՞ք սպանելու ժողովրդին, մենք ընդամենը մեր ձայներն ենք պաշտպանում: Գրիգորյանը պատասխանեց՝ բա հո չե՞նք թողնելու էն քոռին բերեք։ Մայրս հեռացավ, ու հենց այդ պահին զորքերի մի ստվար հատված գնաց Մյասնիկյանի արձանի մոտ։ Մենք մի քիչ էլ առաջացանք, ու մեզ հրեցին դեպի Պարոնյան փողոց»,- պատմում է Գայանե Ղազարյանը։

Արդեն Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում Գայանեն և նրա մայրը տեսել են նաև ներկայումս ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ով 2008 թ. մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զբաղեցրել է Երևանի կայազորի պետի, ապա պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնները։ Խաչատուրովին ևս, հիշեցնենք, «մարտի 1»-ի գործի շրջանակում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել: Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակումը:

«Վահաններով զորքի դիմաց դալան կար, որտեղ կանգնած էր հրամանատարների կազմը: Մայրս մոտեցավ ոստիկաններից մեկին, ասաց՝ ի՞նչ եք անելու, չխփեք ժողովրդին: Վերջինս մահակով խփեց մորս։ Մի մեքենա եկավ, որից իջավ խոշոր մի մարդ։ Մոտեցավ, ինչ-որ բաներ ասաց ու հեռացավ։ Հետագայում արդեն իմացա, որ դա Յուրի խաչատուրովն էր։ Նրա հեռանալուց շատ կարճ ժամանակ անց Մյասնիկյանի արձանի մոտ սկսվեցին կրակոցները»։

Գայանե Ղազարյանը պատմում է, թե ինչպես են ոստիկաններն իր նկատմամբ բռնություն գործադրել՝ գետնին են գցել, 5 հոգով ոտքերով հարվածներ հասցրել։ Այնուհետև ոստիկաններից մեկը 24-ամյա աղջկան հրել է մերձակա շենքի շքամուտքից ներս, որտեղ եղել է նաև նրա մայրը․ «Մորս գլխից արյունը չռռում էր, ուղեղի ցնցում էր ստացել, գլխին մեծ բացվածք ուներ։ Էդ նույն մարդն էր օգնել, որ նրան ու ինձ գցել էր շքամուտքից ներս»:

2008-ի մարտիմեկյան դեպքերից հետո Գայանեն մեկ անգամ է միայն հարցաքննության հրավիրվել։ Նրա խոսքով՝ քննիչը խուսափում էր ոստիկանական ուժերի գործողություններն արձանագրել, ուղղորդել է իրեն, որպեսզի մեղքը բարդեր ցուցարարների վրա։ Իսկ դատաբժշկական փորձաքննության նրան հրավիրել են դեպքերից 26 օր հետո միայն, երբ վնասվածքներն արդեն ապաքինված են եղել:

Գայանե Ղազարյանն ասում է՝ մտավախություն ունի, որ իրականում ոչ թե 10 զոհ է եղել, այլ ավելի շատ։ Խոսելով 2008 թ․ մարտի 1-ի դեպքերի ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին, նա ասաց՝ Քոչարյանին դեռ 10 տարի առաջ պետք է կալանավորեին: «Ես կարծում էի, որ դա իմ կյանքի ընթացքում չեմ տեսնի։ Ու իսկապես շոկի մեջ էի, երբ իմացա, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել։ Դա իմ բոլոր սպասումներից անգին էր։ Մի կաթիլ հույս չէր մնացել 10 տարվա ընթացքում»,- ասում է Գայանե Ղազարյանը։

Հատուկ քննչական ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ մարտիմեկյան դեպքերից 10 տարի անց տուժողի կարգավիճակ ստացածների թիվը դեռ չեն կարող հայտնել: