ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների ճգնաժամի ֆոնին թուրքական տնտեսությունն անկում է ապրում

«Թուրքական տնտեսությունը՝ ճգնաժամի առաջ», «Թուրքական արժեթղթերն ու արժույթը՝ վայրիվերումների մեջ». արդեն չորրորդ օրն է՝ ֆինանսական աշխարհում հայտնի Bloomberg-ը և FT-ն այսպես են բնորոշում Թուրքիայում ստեղծված տնտեսական կացությունը, որն օրեցօր ավելի է վատթարանում Վաշինգոտնի և Անկարայի միջև շարունակվող դիվանագիտական լարվածության ֆոնին: Այսօր առավոտյան թուրքական լիրան հերթական անկումն է արձանագրել դոլարի նկատմամբ՝ հասնելով պատմության մեջ ամենացածր ցուցանիշին:

«Ազգային արժույթի՝ օրեցօր շարունակվող անկումն ու արդեն 16 տոկոսի հասնող գնաճը կարող են լրջագույն խնդիրների առջև կանգնեցնել երկիրը»,- «Ռոյթերզին» ասել է տնտեսական փորձագետ, Ռաբոբանկի արժութային ռազմավարության գծով առաջատար մասնագետ Ջեյն Ֆոլեյը:

«Սա մի ճգնաժամ է, որը կարող է լուրջ վնասներ հասցնել: Թուրքիայի տնտեսության համար կանխատեսվող սցենարն արդեն իսկ բարդ է, շատ բարդ: Եթե նայենք միայն գնաճին, այն երկնիշ թիվ է կազմում, ինչը լուրջ հարված է բիզնեսին ու սպառողներին: Առաջիկայում տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, տարբեր բիզնեսներ կսկսեն առավել շոշափելի զգալ այս ամենի հետևանքները, և դա կարող է իսկապես շատ ցավագին լինել»,- ասել է փորձագետը:

Գների չդադարող աճն ու լիրայի շարունակական անկումն այսօր ամենաքննարկվող հարցերն են թուրքական հանրության շրջանում: «Ռոյթերզի» հետ զրույցում առևտրականներից շատերն են փաստել՝ եկամուտները նվազում են, մտավախությունները՝ ավելանում: «Սա շատ բացասաբար է ազդում մեր կյանքի վրա, գնողունակությունն ընկնում է, մարդիկ մտահոգ են: Նրանք, ովքեր կարող էին իրենց թույլ տալ հավելյալ գնումներ, այսօր նախընտրում են տնտեսել գումարը», «կարծում եմ՝ այս ամենի պատճառն արտաքին ազդեցությունն է․ դոլարը թանկանում է, քանի որ հաղորդումներ կան, որ Ամերիկան պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ: Ներդրողները սպասման մեջ են, գնողունակությունն ընկնում է, մարդիկ չեն ուզում եղած գումարը ծախսել»,- ասում են թուրք առևտրականները:

Փորձագետները ևս փաստում են, որ տնտեսական խնդիրների հիմնական պատճառը Թուրքիայի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցներն են: Սպիտակ տունն անցած շաբաթվանից սահամանփակումներ է կիրառում Թուրքիայի երկու բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ: Ավելին՝ Վաշինգտոնում չեն բացառում, որ առաջիկայում թուրքական ընկերությունները կարող են զրկվել իրենց ապրանքներն առանց մաքստուրքի ԱՄՆ ներմուծելու արտոնությունից, եթե Անկարան ազատ չարձակի հոգևորական էնդրյու Բրանսոնին: Իզմիրի բողոքական եկեղեցու ամերիկացի պաստորը ձերբակալվել է շուրջ մեկուկես տարի առաջ՝ ահաբեկչությանն աջակցելու մեղադրանքներով, ինչի համար նրան 35 տարվա ազատազրկում է սպառնում:

Ըստ որոշ հաղորդումների, Վաշինգտոնն ու Անկարան ամիսներ շարունակ գաղտնի բանակցել են նրան ազատ արձակելու շուրջ, սակայն թուրքական կողմը վերջին պահին առաջ է քաշել նոր նախապայմաններ, ինչի արդյունքում գործարքը ձախողվել է՝ Վաշինգոտնին ստիպելով դիվանագիտական միջոցներից անցնել պատժամիջոցների: Ընդ որում, սահմանափակումների մասին որոշման կայացումից հետո պաշտոնական Անկարան հաստատակամորեն հայտարարում էր՝ չեն ընկրկի և չեն գնա զիջումների:

Այսօր, սակայն, Անկարան շտապել է բարձրաստիճան մի պատվիրակություն գործուղել Վաշինգտոն՝ փոխարտգործնախարարի գլխավորությամբ: Երեկ էլ, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նաուերթի խոսքով, հեռախոսազրույց է տեղի ունեցել երկու երկրների արտգործնախարարների միջև, առայժմ առանց էական արդյունքների: «Մեզ համար առաջընթացն այն է, որ պաստոր Բրանսոնն ազատ արձակվի և տուն վերադառնա: Դա է մեր նպատակը, որին ակնհայտորեն դեռ չենք հասել»,- հայտարարել է Նաուերթը:

Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ներկայացուցիչը տեղեկացրել է նաև, որ այս հարցով այժմ եռանդուն կերպով աշխատում են ոչ միայն Պետդեպում, այլև ամերիկյան Կոնգրեսում: Ավելի վաղ, անցած ամիս, ԱՄՆ նախագահ Թրամփը սպառնացել էր լայնածավալ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ պաստոր Բրանսոնի տևական ժամանոկվ ազատազրկելու համար: «Նա մեծ քրիստոնյա է, ընտանիքն նվիրված մարդ ու հիանալի անձ»,- «Թվիթերում» գրել էր Սպիտակ տան ղեկավարը, ընդգծելով՝ հոգևորականի ազատազրկումը Թուրքիայի իշխանությունների կողմից կատարյալ խայտառակություն է: