ԱՄՆ-ը վերականգնեց Իրանի դեմ պատժամիջոցները

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բոլորին զգուշացրել է՝ զերծ մնալ Իրանի հետ առևտրից: - «Յուրաքանչյուրը, ով Իրանի հետ բիզնես կանի, բիզնես չի անի Միացյալ Նահանգների հետ», - Թվիթերի իր էջում գրել է Թրամփը:

Թրամփի խիստ նախազգուշացումը հետևեց Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերկանգնմանը և Եվրամիության հայտարարությանը, որով Բրյուսելը խոստացել էր պաշտպանել Իրանի հետ օրինական բիզնես վարող եվրոպական ընկերություններին:

Անցած կեսգիշերից ուժի մեջ մտավ Իրանի հանդեպ ամերիկյան վերականգնված պատժամիջոցների առաջին փուլը, որը ուղղված է արտարժույթի շուկային ու արդյունաբերության հիմնական ճյուղերին:

Իրանին արգելվում է ամերիկյան դոլար գնել, արգելվում կամ խիստ սահմանափակվում է օդանավերի, ավտոմեքենաների, ալյումինի, մետաղների, պարսկական գորգերի ու ոսկու առևտուրը, արգելվում են իրանական ռիալով գործարքները:

Պատժամիջոցների երկրորդ փուլով՝ առաջիկա նոյեմբերից, նախատեսվում է արգելքներ դնել իրանական նավթի արտահանման ու առևտրի վրա:

Բրյուսելը և Մոսկվան արդեն արձագանքել են Թրամփի որոշմանը:

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին գտնվում է Նոր Զելանդիայում և, Վելինգտոնում խոսելով լրագրողների հետ, կարծիք է հայտնել, որ Եվրամիությունն ու Նոր Զելանդիան կիսում են Իրանի հետ միջուկային համաձայնագիրը պահպանելու դիրքորոշումը՝ չնայած Միացյալ Նահանգները դուրս է եկել համաձայնագրից:

«Մեր Միության թարմացված օրենսդրությունը պաշտպանում է եվրոպական բիզնեսը պատժամիջոցների երկրորդային ազդեցությունից՝ պատժամիջոցներ, որ Միացյալ Նահանգները սահմանում է իր տարածքից դուրս: Մենք կարծում ենք, և դա այդպես է, որ այս հարցում եվրոպացիները պետք է որոշեն ում հետ առևտուր անել», - ասել է Մոգերինին՝ հավելելով․ - «Ես կասեի՝ այստեղ առևտրի ինքնիշխանության հարց կա»:

Մոսկվան իր հերթին խորը հիասթափություն է հայտնել Թրամփի որոշման կապակցությամբ:

«Մենք խորապես հիասթափված ենք Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու՝ ԱՄՆ-ի քայլերից», - նշված է Ռուսաստանի արտգործնախարարության կայքում տեղադրված հայտարարությունում:

Մոսկվան պնդում է, որ անհրաժեշտ է պահպանել 2015 թվականի համաձայնագիրը և Թեհրանի հետ տնտեսական ընդհանուր շահերը և դատապարտում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը շրջանցող միակողմանի պատժամիջոցների սահմանումը:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել էր, որ ԱՄՆ-ի քայլը «հոգեբանական գրոհ» է, որի նպատակը իրանցիների մեջ տարանջատում սերմանելն է: Նա նշել էր, որ չնայած ԱՄՆ-ն դուրս է եկել միջուկային համաձայնագրից՝ Թեհրանը շարունակում է պահպանել համաձայնագրով նախատեսված միջուկային իր ծրագրերի սահմանափակումները:

2015 թվականին Իրանի և աշխարհի վեց գերտերությունների միջև ստորագրված միջուկային համաձայնագիրը բանակցվել ու ստորագրվել էր ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի նախագահության ժամանակ: Դոնալդ Թրամփը խստորեն քննադատում էր այդ համաձայնագիրը, այն համարելով միակողմանի ու սարսափելի վատ պայմանագիր, որ երբևէ տեսել է: Թրամփը նախ փորձեց հասնել համաձայնագրի վերանայմանը, սակայն ստացավ Թեհրանի մերժումը: Համաձայնագիրը ստորագրած մյուս երկրները չպաշտպանեցին Թրամփի առաջարկը:

Օգոստոսի 8-ին թվիթերյան գրառմամբ հայտարարելով Իրանի հանդեպ ամերիկյան պատժամիջոցները ուժի մեջ մտնելու մասին՝ Թրամփն ընդգծել է, որ դա աշխարհի խաղաղության համար է: