Քոչարյանի կալանավորման հարցում ՀՅԴ դիրքորոշումը, ըստ փոխվարչապետի՝ մտորելու տեղիք է տալիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը անհասկանալի է որակում Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ Դաշնակցության տարածած հայտարարությունը, միաժամանակ ընդգծելով՝ կոալիցիոն գործընկերոջ այս քայլը մտորելու տեղիք է տալիս։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը անհասկանալի է որակում Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ Դաշնակցության տարածած հայտարարությունը, միաժամանակ ընդգծելով՝ կոալիցիոն գործընկերոջ այս քայլը մտորելու տեղիք է տալիս։

«Որոշակի վերլուծելու կարիք կա այս գործողությունները», - «Ֆեյսբուքյան ասուլիսի» եթերում այսօր հայտարարեց փոխվարչապետը: - «Եվ կարծում եմ՝ այդ վերլուծական գործընթացը նաև կբերի որոշակի եզրահանգումների մեզ»:

Դաշնակցական 3 պատգամավորներ միացել են Քոչարյանին ազատ արձակելու ստորագրահավաքին։ Հեղափոխությունից հետո իշխանության մաս կազմող այս քաղաքական ուժը նախօրեին հայտարարեց՝ Ռոբերտ Քոչարյանին և օրվա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներին առաջադրված մեղադրանքները, ինչպես նաև նշանակված խափանման միջոցները թողնում են ընտրովի արդարադատության և կողմնակալ քննության տպավորություն։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համար անհասկանալի է «Դաշնակցության» այս հայտարարությունը: - «Ով ով՝ Դաշնակցությունը, որը հիմա կազմում է կառավարության մի մաս, պետք է շատ հստակ իմանա, թե ինչպիսի փոխհարաբերություններ կան գործադիր և դատական իշխանությունների միջև․ արդյո՞ք կան ճնշումներ դատական իշխանության վրա, թե չկան: Որևէ մեկը դատավորին չի զանգում և ասում՝ ինչ անի դատավորը: Դա անընդունելի է և նոնսենս է»,- «Ազատությանն» ասաց փոխվարչապետը:

2008թ․ մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջին Դաշնակցություն խմբակցությունից միացել են Արմենուհի Կյուրեղյանը, Ռոմիկ Մանուկյանը և Ռուզան Առաքելյանը։ Վերջինիս խոսքով, սա եղել կուսակցության որոշումը, ստորագրել են երկրից չբացակայող բոլոր պատգամավորները։ Առաքելյանի կարծիքով, այս քայլը չի հակասում կոալիցիոն համաձայնությանը։ - «Շատ նորմալ քաղաքական պրոցես է, ոչ մի կապ չունի և ոչ մի հակադրություն չկա այն հանգամանքի հետ, որ մենք այսօր կոալիցիա ենք, այսօրվա իշխանության հետ միասին փորձում ենք մեր երկրում մասնակից լինել քաղաքական գործընթացներին և Հայաստանի առաջընթացին», - մեզ հետ հեռախոսազրույցում նշեց դաշնակցական պատգամավորը:

«Բնականաբար, այսօր նաև հանրության ուշադրության կենտրոնում է Ռոբերտ Քոչարյանի հետ կապված դատական այդ խնդիրը, և, բնականաբար, որևէ քաղաքական ուժ, այդ թվում Դաշնակցությունը, չէր կարող անմասն մնալ և իր կարծիքն ու մոտեցումը չարտահայտել: Ես կարծում եմ՝ սա կոալիցիային չի վտանգի, որովհետև որևէ ձևով չենք խաթարում այն համաձայնությունը, որ ունենք այսօրվա իշխանության հետ»,- հավելեց Ռուզան Առաքելյանը:

Դաշնակցական պատգամավորը ամբողջությամբ համամիտ է իր կուսակցության հայտարարության հետ։ Ըստ Առաքելյանի, մարդուն կալանավորելուց առաջ, պետք է ապացուցվի նրա մեղավորությունը։ - «Իմ անհատական մոտեցումը «Դաշնակցության» ԳՄ-ի այդ հայտարարության մոտեցումն է»,- ասաց Ռուզան Առաքելյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, արտառոց բան չի տեսնում, որ կոալիցիոն գործընկերները միացել են ստորագրահավաքին․ - «Դա նրանց իրավունքն է և այստեղ շատ կարևոր մի փաստ պետք է արձանագրել, որ Հատուկ քննչական ծառայությունը գործադիր մարմնից որևէ հրահանգ չի ստանում, գործում է անկախ: Ինչպես նաև չի ստանում որևէ հրահանգ առաջին ատյանի դատարանը: Հիմա՝ փաստացի, Դաշնակցությունը և «Ծառուկյան» խմբակցության որոշ պատգամավորներ որոշել են, որ իրենք պետք է միջնորդեն: Դա իրենք իրավունքն է»:

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին առայժմ չի խոսել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երբեմնի ընդդիմադիր Փաշինյանը, ով 2008թ շարժման ամենակարկառուն առաջնորդներից էր, նախկինում բազմիցս հայտարարել է՝ 10-ը տարի առաջ տեղի ունեցածի գլխավոր պատասխանատուները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր նույնպես չցանկացավ խոսել Քոչարյանի կալանքի մասին, նշելով, որ ի պաշտոնե այլևս չեն կարող արտահայտել իրենց կարծիքը, քանի որ դա կարող է որպես ճնշում դիտարկվել։

Վերջին տվյալներով Քոչարյանին ազատ արձակելու պահանջին միացել է խորհրդարանի 46 պատգամավոր, վերաքննիչ բողոքը կքննվի երկու օրից։ Դաշնակցությունից բացի Ռոբերտ Քոչարյանին ազատելու նախաձեռնությանը միացել է նաև իշխանության մաս կազմող մյուս ուժի՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը, որը երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիներին, մի շարք բարձր պաշտոններ է զբաղեցրել, եղել է նաև ԱԺ փոխնախագահ: Նրա հետ այսօր կապ հաստատել չհաջողվեց։

Այսօր Հանրապետական կուսակցությունը հրապարակեց ստորագրահավաքին միացած 41 պատգամավորների անունները: Ուշագրավ է, որ Ռոբերտ Քոչարյանի ազատման պահանջին, չեն միացել Հանրապետական խմբակցության գործարար թևի պատգամավորներ Արտակ Սարգսյանը, Արայիկ Գրիգորյանը, Սամվել Ալեքսանյանը։