ԱՄՆ-ը վերականգնեց Իրանի դեմ կոշտ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Իրանի նախագահ Հասան Ռոհանի

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է վերականգնել Իրանի դեմ խոշոր ֆինանսական պատժամիջոցները՝ Թեհրանի և աշխարհի տերությունների միջև 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալուց երեք ամիս անց։ Դրանք հիմնականում ուղղած են արտաժույթի գնմանը և արդյունաբերության հիմնական ոլորտներին:

Երկուշաբթի օրը տարածած հայտարարության մեջ Թրամփը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ 2015-ի պայմանագիրը, որով մեղմվեցին պատժամիջոցները Իրանի նկատմամբ՝ Թեհրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց, «սարսափելի, միակողմանի գործարք» էր:

Միացյալ Նահանգների կոշտ պատժամիջոցների առաջին ալիքը ուժի մեջ մտավ օգոստոսի 7-ի կեսգիշերին: Պատժամիջոցները վերաբերում են, մասնավորապես, Իրանից ավտոմեքենաների, գորգերի, սննդամթերքի արտահանմանը և այդ երկիր գրաֆիտի, ալյումինի, պողպատի, ածխի ներմուծմանը, Թեհրանին կարգելվի նաև որոշ օդանավեր ձեռք բերել, և այլն:

Նոյեմբերի 5-ին ուժի մեջ կմտնի Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների երկրորդ փուլը, որի թիրախը այդ երկրի համար կենսական կարևորություն ունեցող նավթի վաճառքն է:

Միջուկային պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու և Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները «նոր թափով վերականգնելու» մասին Դոնալդ Թրամփը հայտարարեց երեք ամիս առաջ: