Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել, սպասվում են անձրևներ և ամպրոպներ

Երևանյան համայնապատկեր, արխիվ

Օգոստոսի 7-8-ի գիշերը և երեկոյան ժամերին Հայաստանի հյուսիսային շրջաններում, 9-10-ը շրջանների զգալի մասում, 11-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Ամրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը օգոստոսի 9-ին կնվազի 2-3, 11-ին՝ ևս 3-5 աստիճանով:

Օգոստոսի 7-8-ը երեկոյան ժամերին Երևանի առանձին հատվածներում հնարավոր է, 8-9-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում: Օգոստոսի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են՝ բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհի, որի 24-րդ կիլոմետրի մոտակայքում գտնվող թունելը շինարարական աշխատանքների պատճառով փակ է: Այս ճանապարհի 11-12-րդ կմ հատվածն էլ երկկողմանի երթևեկելի է թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ հունիսին տեղի ունեցած հենապատի փլուզման հետևանքով:

Օգոստոսի 4-ին Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը փակ է: Դեպքի վայրում իրականացվում են համապատասխան աշխատանքներ:

Միակողմանի փակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կիլոմետրի մոտ 200 մետր հատվածը՝ կատարվում են շինարարական աշխատանքներ:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: