ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, ամերիկացի հանրապետական սենատոր Ռենդ Փոլը Մոսկվայում Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատում՝ Դաշնության խորհրդում քննարկել է Սենատի և Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների պատվիրակությունների բանակցությունները մինչև տարեվերջ Վաշինգտոնում անցկացնելու հնարավորությունը: Այդ մասին ասել է Դաշնության խորհրդի նշված հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը:
«Քանի որ պարոն Փոլը Սենատի պատկան հանձնաժողովի անդամ է, մենք քննարկեցինք մեր երկու երկրների համագործակցության հնարավոր տարբերակներից մի քանիսը, բնականաբար, նա պետք է այդ մասին Վաշինգտոնում խոսի իր գործընկերների հետ», - ասել է Կոսաչևը:
Ռուսաստանցի սենատորի փոխանցմամբ, «Փոլը բավական մոտ է նախագահ Թրամփի հետ և երկու սենատորներից մեկն է, ով հավանություն չի տվել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու նախաձեռնությանը»:
Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ հանրապետական Ռոբերթ Քորքերը հայտնել է, որ մտադիր չէ վերընտրվել նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններում:
Նոյեմբերին պետք է ընտրվի Սենատի կազմի մեկ երրորդը և Ներկայացուցիչների տան ամբողջ կազմը:
Նոր Կոնգրեսի աշխատանքը կմեկնարկի 2019 թվականի հունվարից: Այսօրվա դրությամբ Կոնգրեսի երկու պալատները գտնվում են հանրապետականների հսկողության ներքո: