Օդի ջերմաստիճանը այս շաբաթ էապես չի փոխվի, հյուսիսային շրջաններում՝ անձրևներ և ամպրոպներ

Երևանյան համայնապատկեր, արխիվ

Օգոստոսի 6-10-ը Հայաստանի հյուսիսային շրջաններում, ինչպես նաև Երևանի առանձին հատվածներում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են՝ բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհի, որի 24-րդ կիլոմետրի մոտակայքում գտնվող թունելը շինարարական աշխատանքների պատճառով փակ է: Այս ճանապարհի 11-12-րդ կմ հատվածն էլ երկկողմանի երթևեկելի է թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ անցած ամիս տեղի ունեցած հենապատի փլուզման հետևանքով:

Օգոստոսի 4-ին Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը փակ է: Դեպքի վայրում իրականացվում են համապատասխան աշխատանքներ:

Միակողմանի փակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կիլոմետրի մոտ 200 մետր հատվածը՝ կատարվում են շինարարական աշխատանքներ:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: