ՀՅԴ-ն Քոչարյանի հարցում «կողմնակալ քննության» տպավորություն ունի

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը տարածել է հաղորդագրություն, որում կուսակցությունը պարզաբանում է, թե ինչու են ՀՅԴ խորհրդարանական խմբակցության պատգամավորները միանում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին։

«Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Վերաքննիչ քրեական դատարան բողոք են ներկայացրել՝ կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ։ Բազմաթիվ պատգամավորներ երաշխավորություններ են ներկայացրել, և այս գործընթացների վերաբերյալ Դաշնակցության դիրքորոշումը հետևյան է.

ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն որևէ անպատեհություն չի տեսնում, որ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության պատգամավորները միանան Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին։ Այս մոտեցումը մեր հայտարարության տրամաբանության համատեքստում է։ Մարտի 1-ի, 2-ի գործը պետք է բացահայտվի ամբողջությամբ՝ օբյեկտիվ, անաչառ և համակողմանի քննությամբ, այդ իրադարձություններին առնչված անխտիր բոլոր կողմերի ներգրավմամբ և ոչ թե միայն մի կողմի։ Այս առումով Ռոբերտ Քոչարյանի և օրվա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների առաջադրված մեղադրանքները և ընտրված խափանման միջոցները թողնում են ընտրովի արդարադատության և կողմնակալ քննության տպավորություն։

Եվ սա մտահոգիչ է։ Խնդիրը Ռ. Քոչարյանի և մյուսների մեղավոր կամ անմեղ լինելը չէ։ Օրենքի առաջ բոլորն են հավասար։ Եվ մեղավորությունն ապացուցվելու դեպքում բոլորը պետք է պատժվեն, բայց նոր Հայաստանում արդարադատությունը որևէ պարագայում չպետք է լինի կողմնակալ»,- նշված է ՀՅԴ հաղորդագրության մեջ։

Ռոբերտ Քոչարյանին օրերս ներկայացվել է սահմանադրական կարգի տապալման մեղադրանք, նա կալանավորված է: