Նաիրա Զահրաբյանին Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելը դժգոհության պատճառ է դարձել «Բարգավաճ Հայաստանում»։
Կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարում է, որ Զոհրաբյանը որևէ կապ չունի մայրաքաղաքի խնդիրների հետ ու հարց բարձրացնում՝ «միթե՞ խելամիտ կլինի, որ վաղը ես ղեկավարեմ որևէ ծննդատուն կամ պատարագ մատուցեմ Մայր Աթոռում»:
«Նաիրա Զոհրաբյանը քաղաքապետ չի կարող լինել, ինքը չի տիրապետում քաղաքային նշանակության խնդիրներին: Երբևէ նա այդ ուղղությամբ որևէ քայլ չի արել», - «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց Պետրոսյանը: - «Հիմա՝ ես նույնպես չեմ կարող լինել: Մեր կուսակցությունում կան մարդիկ, ովքեր շատ ավելի պատվով կարող են անել այդ գործը»:
Պետրոսյանը վստահեցնում է՝ Նաիրա Զոհրաբյանի հետ անձնական խնդիր չունի, բարձր է գնահատում նրա պատգամավորական գործունեությունը, իսկ իր հայտարարությունները ոչ թե ներքին խժդժությունների այլ ներկուսակցական ժողովրդավարության մասին են փաստում։
Երեկ, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ կայացած ԲՀԿ քաղխորհրդի կողմից միաձայն քաղաքապետի թեկնածու առաջադրված Նաիրա Զոհրաբյանն այսօր չցանկացավ արձագանքել գործընկերոջ խոսքերին։
«Բացարձակ ըմբռնումով եմ մոտենում՝ ցանկացած ոք կարող է ունենալ իր տեսակետը», - նշեց Զոհրաբյանը՝ շարունակելով․ - «Գևորգ Պետրոսյանի հետ կապված որևէ հարցի ես չեմ պատասխանելու»:
Պետրոսյանի հայտարարությունները ԲՀԿ-ում ժողովրդավարության դրսևորում է համարում նաև կուսակցության փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, միաժամանակ վստահեցնելով՝ նա միակն է, որ այդ կարծիքին է։
Չնայած կուսակցական գործընկերոջ հայտնած անվստահությանը, Նաիրա Զոհրաբյանն իրեն տեսնում է քաղաքապետի պաշտոնում, ավելին՝ կարծում է, որ հաղթելու իրական հնարավորություն ունի․ - «Մայրաքաղաքը վերջապես պետք է ունենա կին քաղաքապետ: Այո՛, շատ հնարավոր է: Գնալու ենք իսկապես ուժեղ թիմով, որոնցից ամեն մեկը իր անելիքը ունենալու է Երևանի ավագանիում»:
«Ապրելու քաղաք Երևանս»
Ավելի քան տասը տարի պատգամավորական գործունեություն ծավալած Զոհրաբյանին ԲՀԿ ցուցակում հաջորդում են «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը և քաղաքագետ, հեռուստառադիոհաղորդավար Արման Աբովյանը։
«Ապրելու քաղաք Երևանս» կարգախոսի ներքո «Բարգավաճ Հայաստանը», հաղթանակի դեպքում մայրաքաղաքը կդարձնի ավելի կանաչ ու խելացի, հայտարարում է Զոհրաբյանը․ - «Դա իմ մոտեցումն է, որպես կին թեկնածուի․ մենք հասկանում ենք կանաչ քաղաք, մաքուր քաղաք, օդի աղտոտվածությունից զերծ քաղաք»:
Մայրաքաղաքի ավագանու՝ սեպտեմբերին կայանալիք ընտրություններին ամենայն հավանականությամբ կմասնակցեն բազմաթիվ կուսակցություններ: Արդեն իսկ հայտնի է՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը կգլխավորի դերասան Հայկ Մարությանը, «Երկիր Ծիրանի»-ինը՝ կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, ՀՀՇ-ն քաղաքապետի պաշտոնի համար առաջադրել է Արարատ Զուրաբյանի թեկնածությունը, «Լուսավոր Հայաստանն» ու Հանրապետությունը ավագանու առաջին հորիզոնականում տեսնում են արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին։
Պետք է անցկացնել նոր որակի ընտրություններ, ԲՀԿ-ն պատրաստ է անգամ համատեղ հանրահավաք անցկացնելուն, հայտարարում է Նաիրա Զոհրաբյանը․ - «Արդեն հայտնի է մեկ կին քաղաքապետի թեկնածու՝ Զարուհի Փոստանջյանը: Կարծում եմ՝ իմ շատ հարգարժան գործընկեր, տիկին Անահիտ Թարխանյանը ևս պատրաստվում է․․․ ես, օրինակ, կուզենայի, որ երեք կին թեկնածուներով մենք միասին մի քանի քարոզարշավի մասնակցեինք նույն տեղում, նույն օրում»:
Մայրաքաղաքը 7 տարի կառավարած հանրապետական Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո Երևանն արդեն մեկ ամիս է՝ չունի ղեկավար, կառավարությունը մտադիր է ավագանու ընտրություններն անցկացնել սեպտեմբերի երկրորդ կեսին։