Amnesty International-ին թույլ չեն տվել ռուսաստանյան բանտում տեսակցել Սենցովին

Ռուսաստան - Ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովը Դոնի Ռոստովի դատարանում, օգոստոս, 2015թ․

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարում է, որ Ռուսաստանի իշխանությունները առանց բացատրության մերժել են տեսակցությունը ռուսաստանյան բանտում պահվող ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովի հետ:

Amnesty International-ի ներկայացուցիչները ցանկանում էին բժշկական անկախ փորձագետի ուղեկցությամբ այցելել և գնահատել Սենցովի վիճակը, ով մայիսի 14-ից հացադուլի մեջ է: «Հացադուլից շուրջ երեք ամիս անց նրա առողջությունը լուրջ մտավախություններ է առաջացնում», - հայտարարում է իրավապաշտպան կազմակերպությունը:

Սենցովի փաստաբան Դմիտրի Դինզեն հուլիսի 27-ին հայտարարել է, որ իր պաշտպանյալը գունատ է և դժվարությամբ է շարժվում: Ռուսաստանյան իշխանությունները բանտարկյալի վիճակը գնահատում են կայուն են, առանց «բացասական տեղաշարժերի»:

Օլեգ Սենցովը ռուսաստանյան հատուկ ծառայությունների կողմից ձերբակալվել է 2014 թվականի մարտին և 20 տարվա ազատազրկման է դատապարտվել բռնակցված Ղրիմի թերակղզում ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով: Նա չի ընդունել մեղքը:

Ռեժիսորը հացադուլ է հայտարարել Ռուսաստանում պահվող բոլոր ուկրաինացի քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով: