Չավուշօղլու․ ԱՄՆ-ը և Թուրքիան պայմանավորվել են շարունակել երկխոսությունը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Միացյալ Նահանգներն ու Թուրքիան պայմանավորվել են շարունակել երկխոսությունը երկու երկրների հարաբերություններում առկա խնդիրները լուծելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Սինգապուրում ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ բանակցությունների ավարտին:

Չավուշօղլուի խոսքով՝ ամերիկացի պաշտոնակցի հետ հանդիպումը «կառուցողական» էր:

Այս բանակցությունները հաջորդում են Վաշինգտոնի կողմից թուրք երկու բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը: ԱՄՆ իշխանությունները Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարների նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել ի պատասխան ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ազատազրկման, ում Ռեջեփ Էրդողանի կառավարությունը մեղադրում է ահաբեկչությանը աջակցելու մեջ:

Պաշտոնական Անկարան անընդունելի է համարում պատժամիջոցները: