Ռազմատեխնիկական համագործակցության գծով Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը այսօր հերքեց ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականի հրապարակումը այն մասին, թե Հայաստանին հատկացված ռուսաստանյան հարյուր միլիոն դոլար ռազմական վարկի իրականացումը «մեծ հարցականի տակ է»:
«Դա ոչ ստույգ ինֆորմացիա է, ես դա չեմ հաստատում», - ասաց ռուս գեներալը՝ պատասխանելով «Ազատության» հարցին: Հարցին էլ՝ «իսկ վարկի մասո՞վ Դուք ինչ տեղեկատվություն ունեք», արձագանքեց․ - «Ամեն ինչ աշխատում է»:
Նախօրեին ռուսաստանյան պարբերականը ծավալուն հոդված էր հրապարակել, որում մասնավորապես պնդում էր, թե պաշտոնական Մոսկվան վրդովված է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման և հատկապես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանքի առաջադրման կապակցությամբ, և այդ պատճառով հարցականի տակ է 100 միլիոն դոլարի վարկի շրջանակում նախատեսված ռուսական նոր սպառազինության մատակարարումը Հայաստանին:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը գնահատելու՝ «Ազատության» խնդրանքին Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարն արձագանքեց․ - «Դե ինչպես գնահատեմ, Հայաստանի Հանրապետությունը արդարադատություն է իրականացնում, մեկնաբանություն չունեմ»:
Ալեքսանդր Ֆոմինը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում համակարգում է միջազգային ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտը, 2000-ականներին աշխատել է «Ռոսօբորոնէքսպորտ»-ում:
Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարը երեկ է ժամանել՝ մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցախաղի շրջանակում Հայաստանում անցկացված «Ընկերակցության մարտիկ» մրցման փակման հանդիսավոր արարողությանը: Նույն օրը նա հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ:
Ռուսաստանյան 100 միլիոն դոլար վարկի հարցին այսօր անդրադարձավ նաև Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ընդգծելով՝ վարկով Երևանի համար նախատեսված սպառազինությունն արտադրության մեջ է: «Ազատության» հարցին՝ «ռուսական կողմը ակնարկե՞լ է, կամ ճնշում զգացե՞լ եք Ձեր նկատմամբ, որ՝ գիտեք, մենք կարող ենք դադարեցնել վարկը կամ սառեցնել», Դավիթ Տոնոյանը հարցով պատասխանեց՝ «ես նմա՞ն եմ մարդու, որին կարելի է ճնշել որևիցե ձևով»: Պաշտպանության նախարարը շարունակեց․ - «Չկա այդպիսի բան, կա համագործակցային և գործընկերային մթնոլորտ, որը չի փոխվում տասնյակ տարիներ»:
Տոնոյանը հավելեց՝ սպառազինության գնման նպատակով այսօր Հայաստանը բանակցություններ է վարում նաև ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրների հետ՝ առանց նշելու որևէ պետության անվանում:
Այսօր նաև հայտնի դարձավ, որ Հայաստանի պաշտպանության նախարարը հաջորդ շաբաթ կմեկնի Ռուսաստան՝ օգոստոսի 11-ին մասնակցելու մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2018» փակման հանդիսավոր արարողությանը: