Այգեստանցիները պահանջում են համայնքապետի հրաժարականը, սպառնում են ճանապարհներ փակել

Արարատի մարզի Այգեստան համայնքի բնակիչները համայնքապետին մեղադրում են գյուղի բյուջեն յուրացնելու մեջ։

Առավոտից գյուղապետարանի բակում հավաքված բնակիչները սպառնում են, եթե երկու ամիս առաջ Հանրապետական կուսակցությունից դուրս եկած Սոկրատ Հովսեփյանը հրաժարական չտա, իրենք այլ քայլերի կդիմեն:

Գյուղապետարանի դիմաց ժամեր շարունակ բողոքի ակցիա անող բնակիչներն ասում են՝ փողոցային լուսավորության համար նախատեսված բարձր սյուները կարճացրել է, վրան լամպ դրել, մնացած գումարն էլ հավանաբար գրպանել: Պնդեցին՝ համայնքի սեփականություն հանդիսացող հողերն էլ եղբորն է վաճառել:

Գյուղացիների հետ մեր զրույցի պահին եկավ ինքը՝ գյուղապետ Սոկրատ Հովսեփյանն ու հայտարարեց՝ 10 տարի առաջ գյուղապետարանն ընդունել է 23,000 դրամ բյուջեով: Ասաց՝ գյուղապետարանն ավելի շուտ ախոռի է նման եղել, անգամ սանհանգույց չի ունեցել, վստահեցրեց, թե նաև իր գրպանից է 41 մլն դրամ ներդրում արել, որ շենքը վերանորոգեն:

Գյուղացիները դիմելով նրան հարցրեցին՝ ինչո՞ւ է մանկապարտեզի մի մասը վաճառել, պատասխանեց՝ Սիրայից գաղթած հայի է վաճառել, պետք է նվեր տար: Գյուղացիների մեղադրանքները լսելուց հետո ասաց՝ չի պատրաստվում հեռանալ, որովհետև իրեն 500 հոգի է ընտրել, իսկ հրաժարականը պահանջողները 10-20 հոգի են:

Երբ գյուղացիները լսեցին, որ Սոկրատ Հովսեփյանը չի պատրաստվում հրաժարական տալ, սկսեցին բղավել՝ «այն էլ ո՞նց կտաս»: Այսքանից հետո համայնքի ղեկավարը խնդրեց մեզ հետ իր աշխատասենյակում խոսել:

«Ազատության» հարցին՝ ճի՞շտ են արդյոք պնդումները, թե համայնքի հողերը կոպեկներով վաճառել է եղբորը, պատասխանեց. ֊ «Ես գյուղում բարեկամ չունեմ, իմ եղբայրը երկրաբանական ֆակուլտետի դեկանն է, էդ հողերը գնել է աճուրդով՝ մինչև իմ գյուղապետ ընտրվելը։ Ես ի՞նչ կապ ունեմ»։

Սոկար Հովսեփյանն, ով նախքան գյուղապետ ընտրվելը 22 տարի դատախազությունում է աշխատել, պնդում է՝ բողոքի ակցիան կազմակերպողները իր հետ թշնամացել են, որովհետև հողի հարկերից գոյացած պարտքերի համար դիմել է իրավապահներին, եղբոր բակից սալոր գողանալու համար ոստիկանություն է դիմել և այլն: Ասում է՝ գյուղը ոտքի է հանել, շենացրել, աթոռը կփոխանցի նրան, ով խելացի է, այլ ոչ թե «թայֆաբազ»:

Ինչ վերաբերում է մեղադրանքներին, թե փողոցային լուսավորության բարձր սյուները կարճացրել է ու ըստ գյուղացիների, խողովակների մնացած մասն իրեն վերցրել, գումարն էլ յուրացրել, ասաց՝ պարզապես փորձել է Սանկտ Պետերբուրգի Լապտերների նրբանցքին նմանեցնել փողոցները. ֊ «Սա արժեր 950 հազար, իսկ այն մյուսը 6,5 միլիոն։ Եվ այդ հոսանքի փողը տարիներ շարունակ ես իմ հաշվից եմ տվել»։

Մեր հարցին՝ բա իրեն որտեղի՞ց այդ փոխերը, պատասխանեց. ֊ «Ես 400 հազար թոշակ եմ ստանում, 150 աշխատավարձ, ֆերմա ունեմ՝ ֆերմայից էլ եկամուտ ունեմ։ Աշխատող մարդ եմ՝ ահա, նայեք իմ ձեռքերը»։

Բողոքի ակցիա անցկացնող այգեստանցիները, մինչդեռ, պնդում են՝ եթե Սոկրատ Հովսեփյանը հրաժարական չտա, իրենք կանցնեն ճանապարհներ փակելուն: