Յուրի Խաչատուրովը կարող է բացակայել Հայաստանից․ ՀՔԾ

Յուրի Խաչատուրով, արխիվ

Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցը արգելք չէ, որպեսզի նա որոշակի ժամակահատվածով բացակայի Հայաստանից, և վարույթն իրականացնող մարմինն այդ մասին հայտնել է իրեն: Այսօր այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Վերջինս, սակայն, չճշտեց, թե ինչ ժամանակահատվածի մասին է խոսքը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ իրենք ՀՔԾ-ից որևէ պաշտոնական գրություն դեռ չեն ստացել: Նա հավելեց՝ իրենց ոչ ոք երբևէ պաշտոնապես չի ասել, թե Հայաստանից Խաչատուրովի մեկնելն արգելված է կամ արգելված չէ: «Օրենսդրական առումով որևէ արգելք սահմանված չէ, որ գրավը որպես խափանման միջոց կիրառելու դեպքում մեղադրյալը լքի Հայաստանի Հանրապետությունը:

Հակառակը՝ Քրդատօրը սահմանում է ընդամենը մեկ բացասական հետևանք՝ առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության այլ տեղ մեկնած մեղադրյալի առկայության դեպքում դատախազն իրավունք ունի դիմել դատարան, որպեսզի գրավի գումարը ճանաչվի պետության եկամուտ: Տվյալ բացասական հետևանքից խուսափելու համար, չունենալով որևէ պարտականություն և կարողանալով լքել Հայաստանի Հանրապետությունը, այնուամենայնիվ, դիմել ենք վարութն իրականացնող մարմին և հայցել ենք վերջինիս թույլտվությունը»,- ասաց փաստաբանը:

Պողոսյանի խոսքով, թույլտվության համար իրենք դիմել էին ՀՔԾ դեռ երկուշաբթի՝ հուլիսի 30-ին, սակայն ցայսօր պաշտոնական պատասխան չեն ստացել:

2008 թ․ մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ Հայաստանի պաշտպանության փոխնախարարի աթոռը զբաղեցրած Յուրի Խաչատուրովին 2008-ի մարտի մեկի գործի շրջանակներում մոտ մեկ շաբաթ առաջ մեղադրանք է առաջադրվել: Նա մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Խաչատուրովին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել, սակայն դատարանը որոշեց 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին։

Փաստաբան Պողոսյանի խոսքով, Խաչատուրովը ցանկանում է մեկնել Հայաստանից, որովհետև հանդիսանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարը, և իր աշխատանքային պարտականությունները կատարելու համար անհրաժեշտ է, որպեսզի գտնվի Մոսկվայում: «Որևէ միտում չկա Հայաստանի տարածքն այլ նկատառումներով լքելու, բացառությամբ աշխատանքային պարտականությունների անմիջական կատարումը: Անհրաժեշտության դեպում նա միանշանակ կվերադառնա»,- ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը:

Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2017 թ․ ապրիլի 14-ից: Պաշտոնական Երևանը անցած շաբաթ օրն առաջարկել է ՀԱՊԿ անդամ երկրներին՝ սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց։ Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը, ըստ էության, որոշակի լարվածություն է առաջացրել հայ-ռուսական հարաբերություններում․ մոսկովյան լրատվամիջոցները, հղում անելով Ռուսաստանի «բարձրաստիճան աղյյուրներին»՝ չեն դադարում գրել, թե Կրեմլում դժգոհ են Հայաստանի իշխանությունների քայլերից, համարելով, որ Խաչատուրովի քրեական հետապնդումը վնասում է ՀԱՊԿ-ի հեղինակությանը, բացի այդ՝ պաշտոնական Երևանը չի տեղեկացրել Մոսկվային իր մտադրությունների մասին:

Հուլիսի 31-ին Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակին անդրադարձավ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, հայտարարելով․ «Դա մեր սուվերեն իրավունքն է՝ նախաձեռնելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխարինելու գործընթաց: Ինչպես և դա մյուս հինգ երկրների սուվերեն իրավունքն է, անկախ նրանից, թե որ երկիրն է նախաձեռնել նրան նշանակելը»:

Դատարանի որոշումից հետո Յուրի Խաչատուրովն առայժմ անհասանելի է լրագրողների համար, ուստի նրա փաստաբանից այսօր հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է մտածում գեներալ-գնդապետը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թողնելու մասին: «Ես տեղեկացված չեմ պաշտոնապես: Բայց պետք է հաշվի առնել, որ պաշտոնավարման դադարեցման մասին որոշումն ընդունում է ՀԱՊԿ-ի խորհուրդը, իսկ խորհուրդը կազմված է վեց պետությունների ղեկավարներից»,- պատասխանեց Միհրան Պողոսյանը: