Պորոշենկոն հանձնարարել է Ռուսաստանի դեմ հայց պատրաստող մարմին ստեղծել

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո, արխիվ

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հանձնարարել է ստեղծել մի մարմին, որը պետք է դատական հայց պատրաստի Ռուսաստանի դեմ` Դոնբասի շրջանում Մոսկվայի աջակցությունը վայելող անջատողականների կողմից պատճառված վնասների և Ղրիմի բռնակցման համար:

«Ռուսաստանի շարունակվող ագրեսիան ամեն օր նոր անհաշվելի մարդկային տառապանք է հասցնում Ուկրաինային, Դոնբասի և Ղրիմի տնտեսական պոտենցիալը, ենթակառուցվածքները ավերված են», - գրել է Պորոշենկոն իր ֆեյսբուքյան էջում՝ պնդելով, թե Ռուսաստանը պետք է փոխհատուցում վճարի պատճառած վնասի համար:

Նախկինում ևս Կիևը մի քանի հայց է ներկայացրել միջազգային ատյաններում ընդդեմ Մոսկվայի, սակայն մեծ հաջողություն չի գրանցել:

2014 թվականի ապրիլից Ուկրաինայի արևելքում բռնկված հակամարտության հետևանքով ավելի քան 10 հազար 300 մարդ է զոհվել: