Պաշտոնական Բաքուն մերժում է Լեռնային Ղարաբաղի հետ բանակցելու Երևանի առաջարկը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Դա ընդհանրապես անընդունելի է, և նման առաջարկով հանդես եկող երկիրը անկասկած գիտի, որ այն չի ընդունվի: Մյուս կողմից` այդ առաջարկը երբեք չի ընդունվի միջնորդների կողմից», - պնդել է Ադրբեջանի նախագահը:
Ալիևը նշել է, որ Ադրբեջանում լսում են Հայաստանից հնչող խաղաղության կոչերը, և որ Ադրբեջանում ևս խաղաղություն են ուզում:
«Իհարկե, մենք էլ ենք խաղաղություն ուզում, բայց մենք մեր հողերն ենք ուզում: Մինչև մեր հողերը չվերադարձվեն, խաղաղություն չի լինի, և Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է դա լավ հասկանա», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը և հավելել. - «Եթե Հայաստանի ղեկավարությունը շարունակի զբաղվել բանակցությունների ձգձգմամբ, մենք կշարունակենք մեր մեկուսացնող քաղաքականությունը՝ օգտագործելով բոլոր միջոցները է՛լ ավելի ցնցելու Հայաստանը»: