Տեսողության խնդիր ունեցող ցուցարարները պահանջում են կույրերի միավորման նախագահի հրաժարականը

Երևան, 1-ը օգոստոսի, 2018 թ․

Տեսողության խնդիրներ ունեցող մի խումբ անձինք պահանջում են Հայաստանի կույրերի միավորման նախագահի և վարչության անդամների հրաժարականը։ Մեկ տասնյակից ավելի կույրեր այսօր կազմակերպել էին բողոքի ակցիա:

«Ուզում ենք նոր ուժերի ներառում տեսնել, որովհետև կան երիտասարդներ, ովքեր ակտիվ են, ովքեր կարող են ավելի շատ բաներ անել, ովքեր անդամ են, բայց նրանց ձայնը երբեք չի լսվել։ Իշխանությունն անընդհատ վերարտադրվել է, ինչպես որ նախկին Հայաստանում է»,- ասաց բողոքողներից Սիփանը:

Տեսողական խնդիրներ ունեցող անձանց խոսքով՝ միությունը ոչ արդյունավետ է կառավարվում․ միությանը պատկանող տարածքներ են վարձակալության տրվում, սակայն դրանց գումարները պարզ չէ, թե ինչ են արվում։ Ասում են՝ միությունում չարաշահումներ են տեղի ունենում, իրավապահ մարմինների ուշադրությունն են հրավիրում և նշում՝ պետք է աուդիտ անցկացվի:

«Կույրերի միավորմանը հատկացված բոլոր կառույցների, օբյեկտների տերը մենք ենք, բայց որևէ շենքի մուտքի տեղը չգիտենք, որովհետև բոլոր տարածքները տրված են վարձով, գումարները վերցնում են ու իրենց համար ծախսում էդ ամեն ինչը»,- ասում է Պատվական Ռևազյանը։

Ակցիային միացավ նաև Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար, քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը: «Իրավապահ մարմինների կողմից քննության արդյունքում պետք է պատասխանատվության կանչվեն մեղավորները: Այո, իրենց պահանջը, կարծում եմ, արդարացի է՝ հրաժարականի պահանջը և նոր ընտրությունների անցկացումը»,- ասաց Փոստանջյանը:

Տեսողության խնդիրներ ունեցող անձինք քայլերթով հասան Հայաստանի կույրերի միավորման շենք՝ պահանջելով 91-ամյա նախագահ Աբել Հակոբյանի հետ հանդիպում, որին էլ պետք է ներկայացնեին իրենց պահանջները.

Սակայն 1800 անդամ ունեցող Հայաստանի կույրերի միավորման փոխնախագահ Մարտին Սարգսյանը ակցիայի մասնակիցներին պատասխանեց՝ նախագահը վատառողջ է, հարկ չկա սպասելու նրան։ Ակցիայի մասնակիցները դիմելով փոխնախագահին, ասացին՝ պահանջում են նախագահի և վարչության անդամների հրաժարականը: Նա, սակայն, արձագանքեց՝ եթե բոլորը միասին հրաժարական տան, ապա կույրերի միավորումը կաթվածահար կլինի։

Փոխնախագահն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ հրաժարականը քննարկման առարկա կդառնա: Արձագանքելով ակցիայի մասնակիցների այն պնդմանը, թե միությունում չարաշահումներ են տեղի ունենում, որպես կառույց էլ այն որևէ կերպ չի նպաստում աշխատատեղերի ապահովմանը, 69-ամյա Մարտին Սարգսյանը, ով արդեն 55 տարի է, ինչ աշխատում է կույրերի միավորումում, արձագանքեց՝ աշխատատեղերի խնդիր, այո', կա, սակայն մնացյալ պնդումների հետ համամիտ չէ։

«Տարածքները վարձակալությամբ են տրվում օրենքի տառին համապատասխան։ Որևէ խախտում էդտեղ հնարավոր չէ անել։ Իրեն ո՞վ թույլ կտա ընթացակարգը խախտել, չենք կարող նման բան անել, որովհետև հարկայինը կգա, չգիտեմ՝ ինչ կանի»,- ասաց Սարգսյանը:

Փոխնախագահն ասաց նաև՝ իրենք պատասխանատվությունից չեն փախչում։ Իսկ տեսողության խնդիր ունեցող ցուցարարները պահանջեցին երկօրյա ժամկետում արձագանքնել իրենց բողոքին: