Երկարատև հիվանդությունից հետո կյանքի 86-րդ տարում վախճանվել է գեղանկարիչ, Հայաստանի ժողովրդական նկարիչ Զուլում Գրիգորյանը:
Վարչապետի որոշմամբ ստեղծվել է նկարչի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով, որի հաղորդագրությունում մասնավորապես ասված է․ - «Զուլում Գրիգորյանի աշխատանքներում կարևոր տեղ է գրավում Հայոց Մեծ եղեռնի թեման, իսկ առաջին գործերում գերիշխողը հայրենասիրական թեման էր, որոնց շարքը լրացնում են «Զեյթունցիներ» (1960թ.), «Գարուն էր» (1965թ.), «Երեք սերունդ» (1966թ.), «Կարոտ» (1971թ.), «Տեսիլք» (1979-80թթ.), «Արդարադատություն» (1980թ.) գործերը: Նկարչի գործերից են նաև` «Ֆրունզե Մկրտչյան» (1956թ.), «Բանվորական ճաշարան Բրատսկում» (1963թ.), «Ալեքսանդր Մյասնիկյան» (1970թ․), «Սպենդիարովը և Գորկին» (1970թ.), «Հաց հանապազօրյա» (1973թ.), «Երեկոյան ղողանջներ» (1985թ.), «Մտորում» (1989թ.), «Խորեն Աբրահամյան» (1990թ.), «Կարեն Դեմիրճյան» (1997թ.), «Աշնանային նատյուրմորտ» (1994-2004թթ., շարք), «Աստվածընկալ եկեղեցին» (2002թ.), «Արայի սար» (2010թ․), «Սաղմոսավանք» (2010թ.):<…> Զուլում Գրիգորյանի բնանկարներն ու նատյուրմորտները տոգորված են սիրով՝ հանդեպ ազգային, կենցաղային իրերը, որոնք կարծես գալիս են լրացնելու պատմական թեմաների նյութերը, որպես լուռ վկաներ անցյալի, որոնք եղել են ու ապրել եռուն կյանքով»։
Գեղանկարիչը անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հունգարիայում (1972թ.), Չեխոսլովակիայում (1972թ.), Գերմանիայում (1977թ.), ԱՄՆ-ում (1977թ.), Դանիայում (1978թ.), Ֆրանսիայում (1977-1978թթ.), Մոսկվայում (1987թ.), Երևանում (1994թ․, 1998թ., 2006թ.), Վիեննայում (2002թ.): 2010 թվականին նրան շնորհվել է ժողովրդական նկարիչ կոչումը:
«Զուլում Գրիգորյանը բոլորի հուշերում կմնա որպես մեծ արվեստագետ, մեծ վարպետ, որի փայլուն ստեղծագործական կենսագրությունն ու ներդրումը հայ կերպարվեստի զարգացման գործում անուրանալի են», - ասված է հաղորդագրությունում: