Մնացականյան. Հայկական կողմի համար Արցախի կարգավիճակն ու անվտանգությունը առաջնահերթություն է

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ Երևանում հանդիպել է Իտալիայի արտգործնախարար Էնցո Միլանեզիի հետ: Հայաստանի ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը հաղորդում է, որ նրանք անդրադարձել են նաև տարածաշրջանային մի շարք խնդիրների:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ընդգծելով, որ հայկական կողմի համար բանակցային գործընթացում առաջնայնություններն են Արցախի կարգավիճակը և անվտանգությունը: Նախարար Մնացականյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից շարունակաբար հնչող ռազմական հռետորաբանությունը և հայատյացության սերմանումն ուղղված են խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերի տապալմանը։

Հայաստանի և Իտալիայի ԱԳՆ ղեկավարները կարևորել են բանակցային գործընթացի առաջմղման համար խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը: