Մտադրություն կա կազմակերպել Հայաստանի վարչապետի ու Միացյալ Նահանգների նախագահի հանդիպումը, և այժմ այդ նպատակով քննարկումներ են ընթանում: Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Կա նման մտադրություն, այժմ ընթանում են քննարկումներ դրա շուրջ: Արդեն մենք կարող ենք հաստատել, որ Փաշինյանը կմասնակցի սեպտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բացման շաբաթվա աշխատանքներին, ընդհոնուր քննարկումներին, կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ, որոնց շարքում հնարավոր է նաև ԱՄՆ-ի և Հայաստանի ղեկավարի հանդիպումը: Այս պահին վերջնական պայմանավորվածության ձեռք բերման մասին ձեզ չեմ կարող հաղորդել»,- ասաց Տիգրան Բալայանը:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը մոտ մեկ շաբաթ առաջ լրագրողների հետ հանդիպմանն ասել էր՝ Միացյալ Նահանգներն ու Հայաստանը դիտարկում են Նիկոլ Փաշինյան-Դոնալդ Թրամփ հանդիպման հնարավորությունը՝ սեպտեմբերին կայանալիք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում։
Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելուց շուրջ մեկ շաբաթ անց ԱՄՆ նախագահը շնորհավորել էր նրան, մասնավորապես, նշելով․ «Անհամբերությամբ եմ սպասում մեր համագործակցությանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ բնագավառներում, այդ թվում` առևտրի, ժողովրդավարական ինստիտուտների և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ոլորտներում»:
Այսօր Տիգրան Բալայանից հետաքրքրվեցինք նաև Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման վերաբերյալ: Արաբական Al Jazeera հեռուստաընկերությանը օրերս տված հարցազրույցում Հայաստանի վարչապետը հայտարարել էր, թե պատրաստ է բանակցել Ադրբեջանի նախագահի հետ, ընդգծելով՝ այդ բանակցությունները չպետք է լինեն սպառնալիքների մթնոլորտում:
«Այդ հանդիպումն ինքնանպատակ չէ, այն պետք է ունենա բովանդակություն: Դա կարող է լինել նոր պայմանավորվածությունների ձեռքբերումը կամ Հայաստանի նախկին իշխանությունների հետ ունեցած նախորդ պայմանավորվածությունների վերահաստատումը: Մասնավորապես, Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություների վերահաստատումը, որը հնարավորություն կստեղծի ապահովել այնպիսի պայմաններ, որ խաղաղ գործընթացում առաջընթաց արձանագրվի»,- ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակը:
Al Jazeera-ի հետ զրույցում Հայաստանի վարչապետը նաև նշել էր՝ Երևանը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Անկարայի հետ: Տիգրան Բալայանն այս առնչությամբ նշեց․ «Եթե թուրքական իշխանությունները համապատասխան ազդակներ ուղարկեն, որ իրենք պատրաստ են, մենք կդիտարկենք այդ ազդակները: Այս պահին մենք նման ազդակներ չունենք, հակառակը՝ դուք հետևել եք Թուրքիայի նախագահի, նաև ԱԳ նախարարի այցերին Ադրբեջան և այնտեղ հնչեցված տեսակետներին, դրանք լրիվ հակառակի մասին են ասում»:
Ինչպես հայտնի է, պաշտոնական Երևանը շաբաթ օրն առաջարկել է ՀԱՊԿ անդամ երկրներին՝ սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց. պատճառը՝ Յուրի Խաչատուրովի նկատմամբ Հայաստանում սկսված քրեական հետապնդումն է։ 2008 թ․ մարտի 1-ի արյունալի հետընտրական իրադարձությունների ժամանակ Հայաստանի պաշտպանության փոխնախարարի աթոռը զբաղեցրած Խաչատուրովին Հատուկ քննչական ծառայությունը մեղադրում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել, սակայն դատարանը որոշեց 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին։
«Դա մեր սուվերեն իրավունքն է՝ նախաձեռնելու գլխավոր քարտուղարին փոխարինելու գործընթաց: Ինչպես և դա մյուս հինգ երկրների սուվերեն իրավունքն է, անկախ նրանից, թե որ երկիրն է նախաձեռնել նրա նշանակումը: Խաչատուրովն այժմ վեց երկրի կողմից նշանակված գլխավոր քարտուղար է»,- ասաց Բալայանը: