Առաջիկա ժամերին Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանները Վերաքննիչ դատարան են ներկայացնելու երկրորդ նախագահին կալանավորելու որոշման դեմ բողոքը, «Ազատությանը» տեղեկացրեց Քոչարյանի շահերի պաշտպան Արամ Օրբելյանը:
Փաստաբանը չի մանրամասնում, թե ինչ հիմքեր են ներկայացնելու վերաքննիչ բողոքում: «Ցավոք սրտի, բողոքի մասին բացի այն, որ այն պետք է ներկայացվի, ոչինչ չեմ կարողանալու ասել: Պատճառները բազմիցս նշել եմ՝ սկսած նրանից, որ դետալները իրավունք չունեմ բացահայտել, ավարտած՝ որ բողոքի քննությունից հետո ինչ-որ դիրքորոշում կարտահայտվի», - ասաց նա:
Հարցին՝ բողոքը այսօր ներկայացնելուց հետո ի՞նչ է ակնկալվում, քննության օրը մոտավոր ե՞րբ կլինի, Օրբելյանը արձագանքեց․ - «Շաբաթվա վերջ, ավելի հավանական է՝ հաջորդ շաբաթվա սկիզբ ակնկալում եմ, որ քննությունը պետք է լինի»:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը չորս օր առաջ որոշեց երկու ամսով կալանավորել տասը տարի Հայաստանը ղեկավարած Ռոբերտ Քոչարյանին: Նա մեղադրվում է 2008-ի մարտիմեկյան արյունալի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Քոչարյանը տեղի ունեցողը համարում է քաղաքական հետապնդում: Նախկին նախագահի կարծիքն անփոփոխ է, «Ազատությանը» փոխանցեց Արամ Օրբելյանը, ով երեկ է այցելել իր պաշտպանյալին:
Քոչարյանը պահվում է առանձին խցում, որպես նախկին նախագահի՝ պետության կողմից նրան տրվող անվտանգության ծառայությունը կալանավայրում չի գործում, պարզաբանեց փաստաբանը․ - «Ըստ էության, իր պայմանները որևէ ձևով չեն տարբերվում մնացած անձանց պահման պայմաններից: Անվտանգության հետ կապված՝ ըստ էության, էն պահից, երբ որ ինքը ազատազրկվել է, այսինքն՝ կալանավորվել է, իր անվտանգության ծառայությունը, որը իրեն՝ որպես երկրորդ նախագահ, նախկին նախագահ, չի շարունակում ծառայությունը, դրա փոխարեն ոնց որ քրեակատարողական հիմնարկի անձնակազմն է կրում էդ պատասխանատվությունը անվտանգության: Որևէ հատուկ ինչ-որ միջոցառումներ անվտանգության հետ կապված նույնպես չկա, այսինքն՝ էնտեղ ինչ-որ հատուկ պայմաններ նույնպես առկա չեն: Ինքը էս պահին առանձին է, ըստ էության, ինքը քանի որ հիմա զբաղված է իր գրքի գրելով ասենք, թե խմբագրելով ասենք, մշակելով, ինքն է նաև դիմել, խնդրել, որ ինքը առանձին լինի»:
Մարդու իրավունքների պաշտպանը երեք օր առաջ հայտարարել էր, որ այցելել է երկրորդ նախագահին «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում:
Քոչարյանի շահերի պաշտպանները պնդում են, որ երկրորդ նախագահին կալանավորելու որոշումն ապօրինի է և անհիմն:
Այլ կարծիքի է 2007 թվականին Ռոբերտ Քոչարյանի հրամանով դատավորի լիազորություններից զրկված Պարգև Օհանյանը: Նախկին դատավորի կարծիքով՝ միայն Քոչարյանի ազդեցիկությունը բավարար հիմք է նրան կալանքի տակ պահելու համար, և ինքն էլ նման որոշում կկայացներ: «Ազատության» հետ զրույցում նշելով՝ բնական է, որ նախկին նախագահը «ունի հնարավորություններ՝ խոչընդոտելու գործի քննությանը այս կամ այն կերպ ազդելով», Օհանյանը շեշտեց․ - «Ես հիմքերին չեմ ծանոթացել, չգիտեմ, բայց ե՛ս եթե լինեի, եթե քննիչը ես լինեի, ես ամենահիմնական փաստարկը կբերեի խոչընդոտելո՛ւ փաստարկը, ոչ թե փախնելու, թաքնվելու, թեև էլի, ինչու չէ, չի բացառվում: Բայց իմ կարծիքով հիմքը խոչընդոտելո՛ւ հիմնավոր կասկածը պիտի լինի»:
Քոչարյանի կառավարման տարիներին նախագահականի կողմից դատավորների վրա ճնշումների մասին բարձրաձայնած Պարգև Օհանյանը նախկին նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը արտառոց իրավիճակ չի համարում: Ի տարբերություն հետխորհրդային երկրների՝ նախկին ղեկավարներին պատասխանատվության ենթարկելը սովորական գործընթաց է ժողովրդավար երկրներում, ընդգծում է նախկին դատավորը:
Օհանյանը զարմանալի է համարում Քոչարյանի դժգոհությունը իրավապահներից, նրան համարելով անօրինականությունների հիմնադիրը. «Ու այս պարագայում հիմա ինքը զարմացած է։ Ինչ ցանես, այն էլ կհնձես։ Հիմա, դե թող զինվի համբերությամբ, գուցե կապաշխարի»,- «Ազատությանն» ասաց Օհանյանը։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր հայտարարել է, որ պատրաստ է դիմել դատախազություն՝ երկրոդ նախագահին կալանքից ազատելու հարցով։ Շարմազանովը չի բացառել, որ Քոչարյանի ազատության համար «Հանրապետական» խմբակցությունը ստորագրահավաք սկսի։