Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանն ու Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահանգն Խաչատրյանը կարծում են՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի արած հայտարարություններից ակնհայտ երևում է՝ Հանրապետականն անհանգստացած է:
Չբավարարվելով ուրբաթ օրը ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությամբ՝ հանրապետականներն այսօր երկրորդը տարածեցին՝ այս անգամ ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության անունից: Կարծում են՝ Քոչարյանին ներկայացված մեղադրանքն անհիմն է, հարուցված գործը խորապես վնասելու է ներքաղաքական զարգացումներին, սահմանադրականության տեսանկյունից էլ խնդրահարույց լինելով՝ կարող է նվազեցնել Հայաստանի հեղինակությունը միջազգային ատյաններում:
«Գործընթացը որևէ աղերս չունի ժողովրդավարության, իրավունքի գերակայության և դատական իշխանության անկախության հետ»,- նկատել էին հայտարարության հեղինակները։
«Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանին առաջադրվել է սահմանադրական կարգի տապալման մեղադրանք, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Պատգամավոր Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետականին անհանգստացնում է Հայաստանում ստեղծվող նախադեպը, որ այսուհետև անկախ զբաղեցրած պաշտոնից անպատժելի մարդիկ չեն լինելու:
Վահագն Խաչատրյանի գնահատմամբ՝ Հանրապետականն իսկապես ունի անհանգստանալու առիթ, որովհետև եղել է Մարտի 1-ի գործի չբացահայտման անմիջական մասնակիցը: - «Ավելի շատ իրենք պետք է փորձեին գնահատական տալ իրենց պահվածքին վերջին տասը տարվա ընթացքում, իրենք ի՞նչ արեցին, որպեսզի Մարտի 1֊ը բացահայտվի: Կարող եմ ասել՝ ոչինչ», ֊ ընդգծում է ՀԱԿ ներկայացուցիչը:
Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը ոչ միայն չի վնասելու ներքաղաքական զարգացումներին, ինչպես կանխատեսել էին հանրապետականներն իրենց հայտարարության մեջ, այլև՝ նպաստելու է հասարակության առողջացմանը․ ֊ «Իրենք թող համոզված լինեն, որ այսօրվա Հայաստանի իրավապահ համակարգը ձգտելու է ամեն ինչ անել, որպեսզի հասարակության մեջ լինի միանշանակ համոզում, որ իսկապես այս որոշումը արդար է»:
Ալեն Սիմոնյանը բացառում է, թե Քոչարյանի գործը կարող է ներքաղաքական լարվածության առիթ դառնալ․ ֊ «Ես չեմ ակնկալում, որ բազմահազար կամ հարյուրավոր մարդիկ հիմա դուրս են գալիս փողոց և պահանջելու են քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանի ազատելը կամ ինչ֊որ ներքաղաքական գործընթացներ են սկսելու, որոնք բերելու են ընտրություններում այլ արդյունքների գրանցման: Ներքաղաքական գործընթացը այլևս փոխվել է»:
Սիմոնյանը հակադարձեց հանրապետականներին, թե Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կնվազեցնի միջազգային ատյաններում Հայաստանի հեղինակությունը, ճիշտ հակառակը, կարծում է՝ կբարձրացնի․ ֊ «Ես չեմ կարծում, որ, օրինակ, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին որպես մեղադրյալ ներգրավելը կամ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին որպես մեղադրյալ ներգրավելը ազդել է Ֆրանսիայում դեմոկրատիայի աստիճանի վրա: Սա խոսում է այն բանի մասին, որ Հայաստանի Հանրապետությունում գործում է օրենքի գերակայությունը, որ Հայաստանի Հանրապետությունում կա ժողովրդավարություն»:
Վահագն Խաչատրյանի խոսքով՝ Հանրապետականն իրավունք չունի խոսել միջազգային վարկից․ ֊ «Եթե իսկապես իրենք շահագրգիռ էին Հայաստանի Հանրապետության վարկի բարձրացման առնչությամբ, իրենք քայլեր անելու այնպիսի հնարավորություններ են ունեցել, ի վերջո՝ 20 տարի բացարձակ իշխանություն են ունեցել»:
Հանրապետական խմբակցությունը հայտարարությամբ նաև տեղեկացրել էր՝ Քոչարյանի գործի, ինչպես նաև դրա շուրջ զարգացումների մասին բարձրաձայնելու է նաև միջազգային հարթակներում:
«Նախկին իշխանության խոսքը չի կարող արժանահավատ հնչել: Հանրապետականի կառավարման տարիներին թե՛ ընդդիմությունը, և թե՛ հայաստանյան ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները խոսել են Հայաստանում քաղաքական հետապնդումների մասին», - նկատեց Սիմոնյանը՝ հավելելով․ - «Այնպես չէ, որ մեր միջազգային գործընկերները տեղյակ չեն, թե ինչպիսի երկիր է եղել Հայաստանի Հանրապետությունը և ինչ բարքեր են տիրել: Եվ Freedom House֊ի զեկույցը, որը նախորդեց վարչապետի ընտրություններին, որը անվանական նշում էր Սերժ Սարգսյանին որպես բռնապետի ճանապարհը բռնած մի գործչի և Հանրապետական կուսակցությանը, որպես բռնապետական իշխանության: Կարծում եմ այս պարագայում ով֊ով՝ Հանրապետական կուսակցությունը պետք է միառժամանակ լռի»։