Կտրուկ արժեզրկվել է իրանական արժույթը

Իրանական ռիալի և ամերիկյան դոլարի թղթադրամներ, արխիվ

Կտրուկ արժեզրկվել է իրանական արժույթը՝ ռիալը: Ըստ Associated Press լրատվական գործակալության, Թեհրանի «սև շուկայում» Միացյալ Նահանգների մեկ դոլարի դիմաց երեկ տալիս էին 112 հազար ռիալ՝ նախորդ օրվա 98 հազարի փոխարեն:

Մինչդեռ, դոլարի պաշտոնական փոխարժեքը 44 հազար է՝ տարվա սկզբի 35 հազար ռիալի փոխարեն:

Իրանի ֆինանսական շուկայում և ընդհանրապես տնտեսության մեջ լարվածություն է նկատվում՝ իսլամական հանրապետության նկատմամբ սպասվող ամերիկյան նոր պատժամիջոցների ֆոնին:

Անցած շաբաթ պաշտոնանկ է արվել Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Վալիոլահ Սեիֆը, ով սուր քննադատության էր ենթարկվել՝ արժութային շուկայում տիրող իրավիճակի համար: