Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչները Սոչիում կքննարկեն իրավիճակը Սիրիայում

Սիրիայի հարցով Կրեմլի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտև, արխիվ

Ժամեր անց Սոչիում հանդիպելու են Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչները՝ քննարկելու Սիրիայում տիրող իրավիճակը:

Երեք երկրների ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում են՝ քննարկելու սիրիական խնդիրը: Հաղորդվում է, որ այս անգամ հանդիպումը տևելու է երկու օր:

Օրակարգում Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի ձևավորման հարցն է, այդ երկրում ստեղծված ապառազմականացված գոտիների խնդիրը և հումանիտար հարցեր:

Բանակցություններում Ռուսաստանը ներկայացնելու է Սիրիայի հարցով Կրեմլի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը, Թուրքիան՝ փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը, Իրանը՝ փոխարտգործնախարար Հոսեյն Անսարին:

Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն յոթ տարի, զոհերի թիվը հասնում է կես միլիոնի, ավելի քան 5 միլիոն մարդ փախստական է դարձել: