«Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն վերջերս կուսակցությանն անդամակցած դերասան Հայկ Մարությանն է։ Այդ մասին կիրակի ուշ երեկոյան վարչության՝ մի քանի ժամ տևած նիստից հետո հայտնեց Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ Ալեն Սիմոնյանը։
«[Քաղաքապետի թեկնածուի] ընտրությունը տեղի է ունեցել երկու փուլով։ Երկրորդ փուլ են անցել Հայկ Մարությանը և Ալեն Սիմոնյանը: Երկրորդ փուլով «Քաղաքացիական պայմանագրի» առաջին համար է ընտրվել իմ ընկեր Հայկ Մարությանը»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Մարությանը ակտիվորեն մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած համաժողովրդական շարժման երթերին ու հանրահավաքներին, պարբերաբար հարթակից ելույթներ էր ունենում։
«Ազատության» հարցին՝ արդյոք սեպտեմբերին կայանալիք արտահերթ ընտրություններում դաշինքո՞վ են հանդես գալու, թե՞ առանձին ցուցակով, Սիմոնյանը պատասխանեց՝ այդ հարցը դեռևս չի քննարկվել։
Քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը «Ազատության» հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում քննադատություններին, թե դերասանը քաղաքապետի հարմար թեկնածու չէ, պատասխանեց․ - «Արդեն վեց տարի է՝ դերասանական աշխատանքը իմ կյանքում կազմում է ընդամենը 20 տոկոսը, 80 տոկոսը կազմում է իմ կազմակերպչական և կառավարական աշխատանքը մեր պրոդյուսերական կենտրոնում և ինչպես նաև, ինչը արդեն բոլորը գիտեն և տեսել են, քաղաքական և սոցիալական իմ ակտիվությունը և իմ գործունեությունը: Դա արդեն բոլորը գիտեն, տեսել են ու այդպիսով կարող են գնահատել նաև այդ գործունեությունը»:
Հարցին էլ՝ ինչպիսի՞ն պետք է լինի քաղաքապետը, թեկնածուն արձագանքեց․ - «Վստահաբար՝ նա պետք է չլինի պաշտոնյա, նա պետք է լինի ձեզանից մեկը, մեզանից մեկը, մեր քաղաքացիներից մեկը, մեր քաղաքի ժողովրդից մեկը: Եվ ես լինելու եմ, եթե, իհարկե, մենք հաղթենք այս ընտրություններին, ես լինելու եմ ձեզանից մեկը, և այդ աչքերով ենք նայելու մեր քաղաքին և այդ աչքերով բոլորս միասին մեր քաղաքը բերելու ենք այն վիճակին, որին բոլորս ենք ցանկանում: Ես, այսպես ասած, թևերս քշտած, մեր երևանցիների հետ միասին պետք է լուծենք մեր Երևանի խնդիրները: Ես էդպես եմ ընկալում այդ պաշտոնը»:
Նիստին ներկա էր նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից չորս հոգի էր ինքնաառաջադրվել որպես քաղաքապետի թեկնածու՝ պատգամավոր Ալեն Սիմոնյանը, դերասան Հայկ Մարությանը, սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը և վարչապետի օգնական Սրբուհի Ղազարյանը:
Զարուհի Բաթոյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Հայկ Մարությանը պետք է ցույց տա այն Հայկին, այն քաղաքապետի թեկնածուին, որին դեռևս ոչ ոք չի ճանաչում: «Կարծում եմ՝ շատ լավ պոտենցիալ ունի, և մենք պիտի թիմով բոլորս միասին աշխատենք, որպեսզի մեր թեկնածուն լինի ուժեղ, ծրագրերը լինեն երևանցիների համար ընդունելի և իրենց կարիքներին համապատասխան»:
Վարչապետը չպատասխանեց հարցին, թե ինչո՞ւ է ընտրությունը կանգ առել հենց Հայկ Մարությանի վրա: «Ազատության» հարցին՝ ինչպիսի՞ն էր ընտրությունը, իր կարծիքով, Նիկոլ Փաշինյանը արձագանքեց՝ «հետաքրքիր»:
Երևանի քաղաքապետի աթոռը թափուր է հուլիսի 9-ից՝ հանրապետական, մայրաքաղաքը յոթ տարի ղեկավարած Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո։
Հուլիսի 16-ին տեղի ունեցած արտահերթ նիստում ավագանին իր կազմից նոր քաղաքապետ չընտրեց, նիստը տապալվեց քվորումի բացակայության պատճառով։ Այժմ կառավարությունը պետք է ցրի ավագանին ու միաժամանակ նշանակի արտահերթ ընտրություններ: Երևանի մասին օրենքի համաձայն՝ արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում: