Իրավապաշտպանները հակադարձում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների պնդումներին, թե իրենց պաշտպանյալին վերագրվող մեղադրանքներն անհիմն և շինծու են։
2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող նախկին Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը, ով նաև մարտիմեկյան իրադարձությունների հետևանքով տուժած քաղաքացիների պաշտպանություն է իրականացրել, պնդում է՝ Փաստահավաք խմբի գործունեության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել՝ հիմնավորելու երկրորդ նախագահի մեղավորությունը։ Համոզված է՝ անցած գիշեր երկու ամսով կալանավորված նախկին նախագահի տարիներ առաջ կատարած գործողությունները հանցավոր են եղել, նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրած քննիչները դրանք ճիշտ են որակել, և Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու իրավական բոլոր հիմքերն առկա են։
«Այո, Փաստահավաք խումբը արձանագրել է շատ փաստեր, Փաստահավաք խմբի զեկույցը տպագրվել է թերթում, և 2010 թվականից այնքան ինքնավստահ են եղել, որ իշխանությունը միշտ իրենց ձեռքում ա լինելու, որ էդ զեկույցի փաստերի հետ կապված մի տող, մի տո՛ղ, չեն ասել՝ «այ էս մի փաստը չենք ընդունում, զորքը, ճիշտ չես ասում, Մելիք-Ադամյանի մոտ կանգնած չի եղել»: Հիմա եկել են պաշտպանվում են, քիչ է պաշտպանվում են՝ ոչ, ասենք, փաստերի վրա հենված պաշտպանություն են կառուցում, այլ ավելին՝ ուզում են էդ փաստերը մեր երևակայության արդյունք ներկայացնել», - ասաց Սաֆարյանը:
Նա փաստեր է ներկայացնում, որոնք հավաստում են՝ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ շուրջօրյա բազմամարդ հանրահավաքներ էին տեղի ունենում Երևանում, բանակը ներքաշվել է քաղաքական գործընթացներում։ Հիշեցնում է՝ մարտի 1-ի ցերեկը պաշտպանության նախարարության ստորաբաժանումներն իրենց տեխնիկայով տեղակայված էին Հանրապետության հրապարակում և Երևանի կենտրոնական փողոցներում։ Բանակի ստորաբաժանումները զինված են եղել ինքնաձիգներով։ Կան տեսանյութեր և լուսանկարներ, որտեղ երևում է նաև Երևանի կայազորի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովի ծառայողական ավտոմեքենան, հիշեցնում է Սեդա Սաֆարյանը։
«Այսինքն, էն փաստերը, որոնք խոսում են սահմանադրական նորմերը հենց ցերեկվա ժամին խախտելու և ոչ թե արտակարգ դրության իրավիճակից հետո զորքը ներքաշելու մասին, խոսում են էն մասին, որ սահմանադրական որևէ նորմ այդ օրերին չի պահպանվել, հատկապես՝ մարտի 1-ի առավոտվա ժամը 6-ից սկսած», - ընդգծեց փաստաբանը:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշում է, թե Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը պետք է ընդլայնել՝ նրա նկատմամբ կիրառելով այլ քրեական հոդվածներ և մեղադրանք առաջադրելով նաև «իր նախագահության օրոք մարդու իրավունքների համատարած խախտումների, կոռուպցիոն հանցագործությունների և անօրինական որոշումների համար»:
«Մարտի 1-ը դա իհարկե հանգուցային կետն է, բայց դա այն ավարտուն կետն է, որտեղ ամբողջացավ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տաս տարվա ամբողջ բովանդակությունը, այն է՝ ամեն գնով պահպանել իշխանությունը», - շեշտեց Սաքունցը:
Ինչ վերաբերում է նախագահի անձնեռնմխելիության իրավունքին, ինչն առաջ են քաշում Քոչարյանի պաշտպանները՝ պնդելու, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումն անհիմն է, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի կարծիքով՝ այս առումով Սահմանադրության մեջ անորոշություն կա։ Միջազգային պրակտիկայում անձի անձեռնմխելիությունը բխում է կա՛մ նրա կարգավիճակից, կա՛մ գործողություններից։ Հայաստանի Սահմանադրության դեպքում նշված է՝ կարգավիճակից բխող գործողություններ։
«Գուցե, կարծում եմ, փաստաբանները սա փորձեն զարգացնել, հասցնել Սահմանադրական դատարան, որ ստանան Սահմանադրական դատարանի մեկնաբանությունը, լավ կլիներ», - ասաց Ղազարյանը:
Պաշտոնավարման ընթացքում ու նաև դրա ավարտից հետո նախագահի անձեռնմխելիության իրավունքը Հայաստանի Սահմանադրության մեջ ամրագրվել է 2005 թվականի փոփոխություններով։ Իրավապաշտպանների կարծիքով՝ դա Ռոբերտ Քոչարյանն իր նախագահության տարիներին արել է միմիայն հետագա պատասխանատվությունից իրեն ապահովագրելու համար։ Մինչդեռ, նշում է Արթուր Սաքունցը, անձեռնմխելիության իրավունքը նպատակ ունի երաշխավորելու նախագահի անկաշկանդ գործունեությունը միայն Սահմանադրությամբ սահմանված հիմնական սկզբունքների իրականացման ուղղությամբ։
«Եթե որևէ այդ գործող սկզբունքների ապահովման համար ինքը էդ անձեռնմխելիությունը չի օգտվել, կամ խնդիր չի ծագել, այլ հակառակը՝ անձեռնմխելիությունը փորձում է օգտագործել թզան տերևի ինչ-որ գործառույթով, որպեսզի այդ հակասահմանադրական գործողությունները կամ էն նշված սահմանադրական սկզբունքները ոտնատակ տալու նպատակով, դա, կներեք, իրավական համակարգի պարզապես ոչնչացում է: Այսինքն՝ մենք չենք լիազորել իրան անձեռնմխելիությամբ Սահմանադրությունը ոտնատակ տալու համար», - շեշտեց իրավապաշտպանը:
Սաքունցը հիշեցրեց մարտի 1-ի իրադարձություններից հետո բազմաթիվ միջազգային կառույցների դատապարտող հայտարարությունները Հայաստանում ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական հետապնդումների և անարդար դատաքննության դեպքերի մասին։ Կարևոր համարեց, որ այսօր նախկին նախագահի փաստաբաններն անարգել իրականացնում են նրա պաշտպանությունը, ազատորեն հայտարարություններ անում և հայտնում իրենց դժգոհությունները, ինչի հնարավորությունը չեն ունեցել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից տուժած քաղաքացիներն ու նրանց փաստաբանները։
Իրավապաշտպաններն այսօր համոզված են՝ «Մարտի 1»-ի գործի քննության ընթացքում դեռ նոր մեղադրյալներ ի հայտ կգան, նոր քրեական գործեր կհարուցվեն, բայց կարևոր է, որ գործընթացն իրականացվի բացառապես օրենքի և մարդու իրավունքների գերակայության սկզբունքներով։ «Սա արդարադատության 30 տարվա հիվանդությունների բուժման, առողջացման գործընթաց պետք է դիտարկել», - հայտարարեց Արթուր Սաքունցը։
«Սա աննախադեպ է Հայաստանի ամբողջ պատմության մեջ, երբ որ նախկին նախագահը պատասխանատվության է ենթարկվում իր գործողությունների համար ընդդեմ սահմանադրական կարգի: Այլևս այս դատավարության միջոցով վերջ կտրվի բոլոր այն մանիպուլյացիաներին, որ անվտանգության երաշխավորը կարող է անվտանգությունը ոչնչացնի հակասահմանադրական գործողություններով: Եվ անվտանգության հիմնական երաշխիքը դա սահմանադրական գործողությունն է և ոչ թե ամեն գնով դրանց զոհաբերումը հանուն մտացածին անվտանգության», - ընդգծեց իրավապաշտպանը:
Երկրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու իրավապահների գործողությունները դատապարտող հայտարարություններ են արել միայն երկու քաղաքական ուժեր՝ Հանրապետական և ՀՅ Դաշնակցություն կուսակցությունները։ Արթուր Սաքունցի կարծիքով՝ նախորդ տարիներին իշխանություն ունեցած կուսակցություններն այդ հայտարարություններով ստանձնեցին Ռոբերտ Քոչարյանի, հետագայում նաև Սերժ Սարգսյանի իշխանության օրոք կատարված անօրինականությունների և «Մարտի 1»-ի քաղաքական պատասխանատվությունը։
2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: