«Մենք վստահ ենք, որ որևէ մեղք չենք գործել»
Երեկ գիշեր կալանավորված Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբաններն ու նրա գրասենյակի ղեկավարն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին՝ կալանավորումն ապօրինի է, Ռոբերտ Քոչարյանը ենթարկվում է քաղաքական ու անձնական հետապնդման և հաշվեհարդարի։ Թե ում կողմից՝ նրանք այդպես էլ չհստակեցրեցին:
«Մարտի 1»-ի գործով՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով դատարանի կողմից երկու ամսով կալանավորված նախկին նախագահի փաստաբան Ռուբեն Սահակյանը հայտարարեց՝ Քոչարյանի մեղադրանքը ոչ այլ ինչ է, քան «իրավական անգրագիտություն»: Շինծու որակելով «Մարտի 1»-ի գործում Քոչարյանին ներկայացված մեղադրանքը, Սահակյանը շտապեց հայտարարել՝ նախկին նախագահին արդարացնելու են։
«Սա պատվեր է, պատվեր, որը պետք է կատարվի: Ո՞ւմ կողմից է պատվերը՝ բնական ա, ես չեմ կարող ասել, մտքումս ենթադրել կարող եմ, բարձրաձայնել՝ ոչ, որովհետև կարող եմ սխալվել, և կարող են մեղադրել, որ նման չճշտված տեղեկություն եմ հայտնում», - ասաց Սահակյանը՝ շարունակելով․ - «Համենայն դեպս, ես գտնում եմ, որ մեղավորները գտնվում են Գլխավոր դատախազությունում, Հատուկ քննչական ծառայությունում, կան էլի, իմ համոզմամբ՝ կան էլի այս հարցում մեղավորներ»:
Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ավելի հեռուն գնաց՝ անձնական հաշվեհարդար որակելով տեղի ունեցածը։ «Բերիա» անվանեց նախկին նախագահի դեմ, իր բնորոշմամբ՝ այդ հաշվեհարդարն իրականացնողներին և հավելեց՝ իրենց մնում է պարզել, թե «Բերիան» ով է, վստահեցնելով՝ գտնելու են նրան, և այդ «Բերիան» պատժվելու է: «Սա Հայաստանի Հանրապետությունն է, այստեղ իրավական բեսպրեդել չի լինելու», - ասաց Սողոմոնյանը՝ անուններ, սակայն, չհնչեցնելով:
«Այսինքն, դուք ուզում եք՝ ես վարվեմ այնպե՞ս, ինչպես վարվում է ՀՔԾ-ն՝ անպատասխանատու հայտարարություններ անեմ առանց տեղեկություններ իմանալո՞ւ: Երբ որ կիմանամ ով է, բացեիբաց կհայտարարեմ և կարող եմ նվիրել իմ մնացած քաղաքական գործունեությունը այդ մարդկանց պատժի ենթարկելու համար», - հայտարարեց նախկին նախագահի գրասենյակի ղեկավարը:
«Մենք վստահ ենք, որ որևէ մեղք չենք գործել: Ռոբերտ Քոչարյանը մեղքի զգացողություն չունի՝ չի ունեցել և չունի, որովհետև որևէ հանցանք չի կատարել․ սա պետք է հստակ արձանագրել: Հիմա, դատարանը ինչ է մտածում, ինչպես է մտածում, արդարադատությունը արդյոք գործո՞ւմ է, թե՞ ՝ ոչ․ այս հարցը ես գուցե մի քանի օր առաջ չկարողանայի այս հռետորական հարցը տալ, բայց այս բերիական, 37 թվականին բնորոշ գործից հետո ես այս հարցը բարձրաձայնում եմ՝ արդարադատությունը աշխատո՞ւմ է Հայաստանում, թե՞՝ ոչ, թե՞ ընտրովի է աշխատում», - ասաց Սողոմոնյանը:
«Հանձնարարվել է բանակը հետ պահել ներքաշվելուց ներքաղաքական գործընթացների մեջ»
Անդրադառնալով մարտյան դեպքերին, նա հիշեցրեց 2008-ի պաշտպանության փոխնախարարներ Մանվել Գրիգորյանի և Գագիկ Մելքոնյանի՝ այդ ժամանակ ցույցերը առաջնորդող Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի կողմն անցնելու մասին:
«Ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը 2008 թվականին այդ միտինգային արշավի ժամանակ հայտարարում էր, որ «պետք է կազմաքանդենք պետական ապարատը», և դուք հիշում եք, որ մի քանի փոխնախարարներ, պետական չինովնիկներ աշխատանքից դուրս էին գալիս և հայտարարում էին այսպես կոչված համաժողովրդական շարժմանը միանալու մասին, այդ թվում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և իր կողմնակիցները ներ էին քաշում քաղաքական գործընթացի մեջ փաստացի ռազմական գերատեսչության երկու փոխնախարարների՝ Մանվել Գրիգորյանին և Գագիկ Մելքոնյանին: Սա պատմական փաստեր են, որոնք արձանագրված են տեսագրություններով, և դրանից անցել է ընդամենը տաս տարի», - հայտարարեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը:
Պաշտպանության նախկին փոխնախարարների՝ ընդդիմության կողմն անցնելու թեման շարունակեց փաստաբան Ռուբեն Սահակյանը․ - «Ռոբերտ Քոչարյանը բացատրություն է տվել նաև այս հարցի կապակցությամբ, որ փետրվարի 23-ից հետո այդ կառույցները, որոնց Ռոբերտ Քոչարյանը, և անձանց, որոնց Ռոբերտ Քոչարյանը առաջարկել է էնպես անել, որ չներքաշվեն քաղաքական գործընթացին, անցել են այլ քաղաքական գործընթացի, արդեն աշխատել են զորամասերում՝ որպես նախկին զինվորականներ»:
Նշենք, որ հուլիսի 3-ին «Մարտի 1»-ի գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը հաղորդեց նոր բացահայտման մասին։ Ըստ նախաքննական մարմնի, այն ժամանակվա պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը ստորագրել է «ակնհայտ ապօրինի» թիվ 0038 հույժ գաղտնի հրամանը «գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ»։ Ըստ ՀՔԾ-ի, այդ հրամանի համաձայն՝ Երևանում փաստացի սահմանված ռազմական դրության և զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման շրջանակներում ձևավորվել է զինվորական կառավարման նոր կառույց, որով իրականացվել է բանակային ստորաբաժանումների տեղաշարժ՝ Զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ զինված դուրս են բերվել տեղակայման հիմնական վայրերից և տեղափոխվել Երևանում կամ քաղաքամերձ հատվածներում տեղակայված զորամասեր: Ըստ նախաքննական մարմնի, «փաստացի հաստատված ռազմական դրության պայմաններում, նույն օրը՝ երեկոյան, Զինված ուժերը և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների գործադրմամբ իրականացրել են հատուկ միջոցառումներ խաղաղ հավաքը ցրելու, անզեն ցուցարարներին փողոցներից հեռացնելու ուղղությամբ»:
Ինչպես հաղորդում է ՀՔԾ-ն, պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը և մյուս պաշտոնատար անձինք խախտել են 2008 թվականին գործող ՀՀ Սահմանադրության 8.2-րդ հոդվածն այն մասին, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո», ինչպես նաև Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետն այն մասին, որ միայն հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում կարող է ՀՀ նախագահը հայտարարել ռազմական դրություն, և միայն ռազմական դրության հայտարարումից հետո կարող է որոշում ընդունվել զինված ուժերի օգտագործման մասին:
«Մարտի 1»-ի գործը քննող նախաքննական մարմնի այս պնդման վերաբերյալ փաստաբան Արամ Օրբելյանը նշեց, որ Սահմանադրության մեջ նման նորմ չկա․ - «Էստեղ ասում է՝ զորքի օգտագործումը նշանակում է ռազմական դրություն․ նման տեքստ դուք որևէ տեղ չեք գտնի Սահմանադրության մեջ, չկա մեր Սահմանադրության մեջ մի հատ հոդված, որտեղ ասում է, որ զինված ուժերը կարող են կիրառվել միայն ռազմական դրության ժամանակ: Կա հակառակը, որ ասում է՝ ռազմական դրության ժամանակ որոշում է ընդունվում օգտագործել զինված ուժերը»:
«Ազատության» հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը տեղյակ եղե՞լ է 0038 հրամանից, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց․ - «Ռազմական գերատեսչության երկու փոխնախարարներին կանչում էին հրապարակ, հանձնարարվել է բանակը հետ պահել, ըստ Սահմանադրության, ուրեմն, ներքաշվելուց ներքաղաքական գործընթացների մեջ, և պաշտպանության նախարարությունում դա արվել է, որից հետո, նախագահ Քոչարյանը դա պատմեց իր հարցազրույցում, իրեն տեղյակ են պահել, որ էս ձևով է արվել, անցել են զորանոցային վիճակի»:
Քոչարյանի պաշտպանները «սուտ» որակեցին Հատուկ քննչականի բացահայտումը, թե 0038 հրամանով փաստացի ստեղծվել է ռազմական դրություն, և որ Զինված ուժերը ներքաշվել են հանրահավաքի մասնակիցների նկատմամբ կատարված գործողությունների մեջ։ Նրանք պնդեցին, որ բանակը միայն զորանոցային ռեժիմի է բերվել․ - «Էնտեղ գործողության էլեմենտ միայն մեկն է՝ զորանոցային վիճակ, մնացած տեքստը <...> խոսում է պատասխանատուների նշանակման մասին: Արտակարգ դրություն, մոբիլիզիցիա և այլ հանձնարարություն, գործողություն չկա»:
Վիկտոր Սողոմոնյանն էլ հավելեց՝ անհեթեթություն է պնդումը, թե բանակը բերել էին, որ օգտագործեին հանրահավաքի մասնակիցների դեմ։
«Մենք հենց դա ենք ուզում իմանալ՝ ո՞վ է պատասխանատու»
Մարտյան իրադարձությունների ժամանակ նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց՝ իրենք էլ են ուզում իմանալ, թե ինչպես են զոհվել 10 քաղաքացիները, և ովքեր են պատասխանատու նրանց մահվան համար՝ ըստ էության հերքելով Քոչարյանի մեղքը զոհերի մահվան հանգամանքների մեջ։
«Ո՞վ է պատասխանատու տասը զոհերի մահվան, վիրավորների, բանտարկվածների համար, և արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը այդ մասով մեղքի զգացում չունի», - «Ազատության» այս հարցին Սողոմոնյանը արձագանքեց․ - «Մենք հենց դա ենք ուզում իմանալ՝ ո՞վ է պատասխանատու, բայց ուզում ենք իմանալ ոչ թե նշանակելով՝ մենք ուղղակի որոշենք, որ մենք պատասխանատու ենք նշանակում, այլ մենք ուզում ենք դա իմանալ նորմալ քննության հետևանքով, ոչ թե զոհեր ու բան նշանակելով, մեղավորներ»:
Նախկին նախագահի գրասենյակի ղեկավարը ըստ էության հերքեց նաև Քոչարյանի առնչությունը ցուցարարների ուղղությամբ կրակ բացելու գործում։ Լրագրողներից մեկի հարցին, թե իրավապահները «Չերյոմուխա» հատուկ միջոցով քաղաքացու վրա կրակել կարո՞ղ էին առանց նախագահին դրա մասին զեկուցելու, նա պատասխանեց․ - «Օրինակ, «Մոլոտովի կոկտեյլ» են նետում, ասենք, ճանապարհային ոստիկանի վրա, որը զինված է, կամ «Չերյոմուխա» կա մոտը, ինքը զանգում է վերադասին, ասում՝ «խնդրում եմ, էլի, վերադաս, ասա, ի՞նչ անեմ, պատասխանե՞մ, թե չէ՞»: Գիտե՞ք, այս հարցերը որ տալիս եք, ես չեմ էդ հարցերի պատասխան տվողը՝ էդ հարցերի պատասխան տվողը հետաքննությունն է, թող բարի լինի ոչ թե սահմանադրական կարգի տապալման կեղծ դրույթով առաջնորդվի, այլ առաջնորդվի տասը զոհերի մահվան հանգամանքներով»:
Կալանավորումը տեղի է ունեցել «օրենքի խախտմամբ»
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին կալանավորելուն, փաստաբանները պնդեցին՝ այն տեղի է ունեցել օրենքի խախտմամբ։ Գումարը չնշելով՝ ասացին, որ իրենք գրավ են առաջարկել, սակայն մեղադրող կողմը առարկել է դրա դեմ։
Ըստ փաստաբանների՝ մեղադրանքը ներկայացնող Հատուկ քննչական ծառայությունը չի հիմնավորել, թե ինչու երկրորդ նախագահը չի կարող գտնվել ազատության մեջ, հատկապես որ նա փորձ չի արել խուսափել հարցաքննության ներկայանալուց։ Ինչ վերաբերում է բուն մեղադրանքին, փաստաբաններն ասացին, որ մեղադրանքի տեքստում բացակայում են նրա կողմից կատարված գործողությունները, որոնք կվկայեն Քոչարյանի մեղավորության մասին։
Փաստաբան Արմեն Օրբելյանը նշեց, թե նրա դեմ ցուցմունքները ևս թույլ են։
Նախկին նախագահի պաշտպանական կողմը հայտարարեց՝ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է և չի կարող ենթարկվել հետապնդման։
2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:
2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից տասը տարի է անցել, բայց տասը զոհերի մահվան հանգամանքները ցայսօր պարզված չեն:
Տասը տարի շարունակ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը, «Մարտի 1»-ի զոհերի հարազատներն ու նրանց պաշտպանները պնդում են, որ հենց Ռոբերտ Քոչարյանի հրամանով են Զինված ուժերը ներգրավվել քաղաքական այդ գործընթացում և արյունալի իրադարձությունների պատճառ դարձել: