Պետդեպը արձագանքում է Քոչարյանի շուրջ զարգացումներին․ ԱՄՆ-ը հետևողական կոչ է արել «Մարտի 1»-ի վստահելի և անկախ քննության․ «Ամերիկայի Ձայն»

ԱՄՆ Պետքարտուղարության շենքը Վաշինգտոնում, արխիվ

«Միացյալ Նահանգները հետևողական կոչ է արել Հայաստանի իշխանություններին անցկացնել այդ իրադարձությունների լուրջ, վստահելի և անկախ քննություն», - «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը ի պատասխան «Մարտի 1-ի» գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը մեկնաբանելու խնդրանքի:

«Մենք շարունակում ենք շեշտել մեր հայաստանյան գործընկերներին, որ կարևոր է հարգել արդարադատության իրականացման միջազգայնորեն ճանաչված չափանիշները», - ավելացրել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը:

«Ամերիկայի Ձայն»-ը հիշեցնում է, որ 2008-ի մարտի 1-2-ի իրադարձություններին հաջորդած զեկույցում ԱՄՆ Պետքարտուղարությունը տեղեկություններ էր հիշատակում, ըստ որոնց՝ «կառավարությունն ու դրա ներկայացուցիչներն իրականացրել են կամայական և ապօրինի սպանություններ»:

«Բողոքարարների, կողոպտիչների և անվտանգության ուժերի բախումների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ ութ քաղաքացիական անձ ու երկու ոստիկան: Տասնյակ մարդիկ վիրավորվել են: Այդ 10 սպանությունների հանգամանքները մնում են չբացահայտված», - ասվում էր Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության զեկույցում, որը հետևել էր 2008-ի մարտի 1-ի ողբերգությանը:

Հայաստանի երկրորդ նախագահը անցած գիշեր դատարանի որոշմամբ կալանավորվեց: