Քոչարյանի գրասենյակի ղեկավար․ «Սա ակնհայտ քաղաքական և անձնական հետապնդում է»

Ե՛վ Ռոբերտ Քոչարյանի դեմ գործը, և՛ նրան կալանավորելու որոշումը «բացարձակապես ապօրինի են», հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը շաբաթ օրը հրավիրված ասուլիսի ժամանակ:

«Սա ակնհայտ քաղաքական և անձնական հետապնդում է, և սա այն է, ինչը վերջերս մոդայիկ դարձած բառով կոչվում է վենդետա, սա անձնական և քաղաքական հաշվեհարդար է, որը չի տեղավորվում որևէ իրավական դաշտում և որևէ իրավական հիմնավորում չունի», - ասաց նախկին նախագահի գրասենյակի ղեկավարը:

Նա ներկայացրեց Քոչարյանի երեք փաստաբաններին, որոնք սկսեցին ներկայացնել գործի, դատական պրոցեսի մանրամասները:

Հայաստանի նախկին նախագահի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց ուրբաթ ուշ երեկոյան:

Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործով մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Նույն հոդվածով մեղադրվում են նաև պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 10 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները ցայսօր պարզված չեն:

Ասուլիսի մանրամասները տե՛ս այստեղ