Փաշինյանը պատրաստ է բանակցել Ադրբեջանի նախագահի հետ

Հայաստանի վարչապետը հայտարարում է, թե պատրաստ է բանակցել Ադրբեջանի նախագահի հետ, ընդգծելով՝ այդ բանակցությունները չպետք է լինեն սպառնալիքների մթնոլորտում:

Արաբական Al Jazeera հեռուստաընկերության հետ հարցազրույցում Փաշինյանը մի քանի անգամ շեշտել է՝ Հայաստանը խաղաղության է ձգտում:

Շատ կարևոր է մեր տարածաշրջանում ստեղծել խաղաղության մթնոլորտ...

«Ինչպես և ցանկացած այլ ժողովրդավար կառավարություն, մենք ունենք իրական կամք և իրական ցանկություն՝ լուծելու այս խնդիրը խաղաղ ճանապարհով և պատրաստ ենք բանակցությունների: Սակայն, ուզում եմ ընդգծել, որ մենք չենք պատրաստվում որևէ բան անել սպառնալիքների մթնոլորտում: Շատ կարևոր է մեր տարածաշրջանում ստեղծել խաղաղության մթնոլորտ», ֊ նշել է Հայաստանի վարչապետը:

Փաշինյանը չի թաքցրել որ տարածաշրջանում այժմ իրադրությունը բավական լարված է, միաժամանակ պնդել, թե վերջին շրջանում Ադրբեջանից առավել հաճախ հնչող ռազմատենչ հայտարարությունները իրականում ներքին լսարանի համար են և որոշակիորեն կապված Հայաստանում արձանագրված փոփոխությունների հետ․ ֊ «Մենք մեծ հաջողության հասանք Հայաստանը ժողովրդավար դարձնելու, կոռուպցիայի դեմ պայքարի, բոլորի համար հավասար պայմաններ ապահովելու և հակամենաշնորհային քաղաքականության հարցերում: Կարծում եմ՝ Իլհամ Ալիևը վախենում է, որ Ադրբեջանի ժողովուրդը կարող է ոգեշնչվել հայաստանյան այս հեղափոխությունից ու փորձել նմանատիպ փոփոխությունների հասնել Ադրբեջանում:

Ցանկացած ագրեսիվ քայլ Հայաստանի դեմ, ագրեսիվ քայլ է ժողովրդավարության դեմ ...

Հենց սա՛ է Ադրբեջանի կառավարության՝ առավել ագրեսիվ հռետորաբանության պատճառը: Կարծում եմ՝ Ալիևը փորձում է իր ժողովրդի ուշադրությունը ներքին խնդիրներից շեղել դեպի ղարաբաղյան խնդիր: Այդ իսկ պատճառով, ասում եմ՝ ցանկացած ագրեսիվ քայլ Հայաստանի դեմ, ագրեսիվ քայլ է ժողովրդավարության դեմ»:

Անդրադառնալով Թուրքիային՝ Փաշինյանը պնդել է՝ Երևանը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Անկարայի հետ, միաժամանակ, ըստ էության, փաստել, որ առաջին քայլը պետք է էրդողանի վարչակազմն անի․ ֊

Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի ...

«Հայաստանը չէ, որ փակել է Թուրքիայի հետ սահմանը: Իրականում Թուրքիան է փակել այդ սահմանը, մեր կողմից այն փաստացի բաց է, և Թուրքիան է, որ պետք է ճանապարհները բացելու որոշում կայացնի: Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի»:

«Մենք ուզում ենք մեր մրցակիցներին ժամանակ տալ»

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական զարգացումներին՝ Փաշինյանը նշել է՝ եթե իրադրությունը մնա այնպես, ինչպես որ կա հիմա, արտահերթ ընտրությունները կանցկացվեն հաջորդ տարի: Լրագրողի հարցին՝ արդյոք ժամանակը չի աշխատի նոր կառավարության դեմ, և արդյոք հետաձգումը չի հիասթափեցնի մարդկանց, Փաշինյանը արձագանքել է՝ ուզում են հավասար պայմաններ ապահովել բոլորի, այդ թվում՝ ընդդիմախոսների համար․ ֊ «Մեր կարևոր նպատակն է անցկացնել իսկապես ժողովրդավարական, թափանցիկ ու ազատ ընտրություններ: Խնդիրն այն է, որ քաղաքական մյուս դերակատարները նման քաղաքական փոփոխություններ չէին սպասում, և նրանց համար այս իրավիճակն անսպասելի է: Եթե մենք արտահերթ ընտրություններ անցկացնենք հիմա, մեկնարկային պայմանները այլ ուժերի համար հավասար չեն լինի: Իսկ մենք չենք ուզում, որ քաղաքական դաշտում անհավասարություն լինի, մենք ուզում ենք մեր մրցակիցներին ժամանակ տալ՝ այդ ընտրություններին պատրաստվելու համար»:

Վարչապետը խոսել է նաև Հայաստանի տնտեսական դաշտում սկսված բարեփոխումների մասին, վերստին ընդգծելով՝ պաշտոնական Երևանը մտադիր է խորացնել հարաբերությունները ոչ միայն Ռուսաստանի, Եվրամիության ու Միացյալ Նահանգների, այլև՝ հարևան Իրանի ու Վրաստանի հետ:

Սանկտ-Պետերբուրգ կատարելիք այցից առաջ արաբական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանն ընդգծել է՝ իր կառավարությունը ակնկալում է ֆինանսական աջակցություն ստանալ ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներից ու Եվրամիությունից, այլև՝ Ռուսաստանից․ ֊ «Մենք պատրաստվում ենք տնտեսական բարեփոխումներ իրականացնել՝ ազատականացնելու մեր տնտեսությունը, որպեսզի այն առավել գրավիչ դարձնենք տեղական ու օտարերկրյա ներդրողների համար: Այդ նպատակով մենք պատրաստվում ենք երաշխավորել ներդրումների անվտանգությունը, պատրաստվում ենք ստեղծել բարձրորակ ենթակառուցվածքներ, և այնպես անել, որ ժողովուրդը հավատա տնտեսությանը և վստահ լինի, որ ունի սեփական բիզնեսն ունենալու և հաջողակ լինելու իրական հնարավորություն»: