Վարչապետ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության լրատվականի

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով նիստին հետևել է համատեղ լուսանկարման արարողությունը, ինչից անմիջապես հետո անդամ պետությունների վարչապետները մասնակցել են ընդլայնված կազմով խորհրդի աշխատանքներին:

Խորհուրդը նախ ի գիտություն է ընդունել նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման զեկույցը, այնուհետև անցել օրակարգային հարցերին: Նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները քննարկել են տնտեսության, մաքսային, էներգետիկ, տրանսպորտային և այլ ուղղություններով ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ թվային օրակարգին, արդյունաբերական կոոպերացիայի և մաքսային համագործակցությանը, ինչպես նաև ԵԱՏՄ իրավանորմատիվային բազան կատարելագործելու հարցերի։

Իր ելույթում Փաշինյանը, մասնավորապես, ասել է․ «Մայիսին Սոչիում կայացած Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում իմ ելույթում ես հաստատեցի Հայաստանի Հանրապետության հանձնառությունը միջազգային պարտավորությունների նկատմամբ՝ այդ թվում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Նախանշեցի ԵԱՏՄ գործընկերների հետ ակտիվ համագործակցության մեր պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը՝ նպատակ ունենալով ԵԱՏՄ մասին պայմանագրի հիմքում դրված սկզբունքների կիրառմամբ հասնել ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժին, ինչպես նաև անդամ երկրների ազգային տնտեսությունների արդիականացմանն ու մրցունակության բարձրացմանը:

Նեղ կազմով նիստի ընթացքում մենք արդեն հարցերի լայն շրջանակի շուրջ կարծիքներ ենք փոխանակել: Վստահ եմ, որ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելը թույլ կտա հետագայում, հաշվի առնելով մեր երկրների առանձնահատկությունները, ապահովել Եվրասիական տնտեսական միության մարմինների կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանները»:

Փաշինյանը նաև ասել է․ «Օրինակ, Հայաստանում արդեն ձևավորվել է Թվային օրակարգի տեսլականը, որի շրջանակներում հաշվի են առնվում ԵԱՏՄ հետ ներդաշնակեցման գործընթացները: Մասնավորապես, դա վերաբերում է այնպիսի թեմաների, ինչպիսիք են ապրանքների շարժին հետևելու հնարավորությունը, միասնական թվային հարթակ-շուկաների ձևավորումը և այլն: Թվային օրակարգի շրջանակներում մենք պլանավորում ենք 2025թ.- ին հասնել այնպիսի առանցքային ցուցանիշների, ինչպիսիք են ծառայությունների մատուցման ոլորտում պետական հատվածի ծախսերի կրկնակի կրճատումը, քաղաքացիների կողմից էլեկտրոնային տարբերակով պետական ծառայությունների օգտագործման 80, իսկ բիզնեսի համար՝ 100 տոկոսանոց մակարդակի ապահովումը, բնակչության 80 տոկոսի համար լայնաշերտ ինտերնետի հասանելիությունը և այլն»:

«Ավիացիոն պատահարների հետաքննության մարմնի ստեղծման առումով ցանկանում եմ նշել, որ մասնագիտական գնահատականների համաձայն այս հարցի ներդաշնակեցումը կարող է ավարտվել արդեն այս տարի: Դրա հետ կապված կարևորէ կողմնորոշվել՝ բացառելու համար այն, որ նոր ձևավորվող մարմինն իր գործառույթներով կրկնօրինակի Միջազգային ավիացիոն կոմիտեի գործառույթները»,- իր ելույթում նշել է ՀՀ վարչապետը: