Հայ գործարարը Պետերբուրգում Փաշինյանին պատմել է, որ իր բիզնեսը Հայաստանում խլել են

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպում է հայ գործարարների հետ, 26-ը հունիսի, 2018թ․

Սանկտ Պետերբուրգում ընթանում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) վարչապետների հանդիպումը, որին Հայաստանից մասնակցում է Նիկոլ Փաշինյանը:

Ռուսաստանի կառավարությունից պետական լրատվամիջոցներին ասել են, թե մանրամասնորեն քննարկվելու է գազի ընդհանուր շուկայի ձևավորման հարցը: Նախատեսվում է դրան ուղղված ծրագիր հաստատել՝ ներկայացնելու համար ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին:

Էներգետիկայից բացի, քննարկվում են նաև թվային զարգացման, տրանսպորտի, մաքսային ոլորտներին առնչվող հարցեր, մասնավորապես՝ բեռնափոխադրումների միասնական տրանզիտային համակարգ ունենալու հարցը:

Նախօրեին Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է մի քանի տասնյակ հայ գործարարների հետ:

«Ուզում եմ բոլոր գործարարներին հրավիրել Հայաստան՝ ծավալելու տնտեսական գործունեություն, ինչի համար նախկինում եղած բոլոր խոչընդոտները վերացված են և գոյություն չունեն», - ասել է Հայաստանի վարչապետը՝ վստահեցնելով, որ կոռուպցիայի դեմ ակտիվ պայքարը շարունակվելու է: «Երաշխավորում ենք ներդրումների անվտանգությունը, ներդրումների անվտանգություն ասելով հասկանում ենք ոչ միայն այն, որ պետական որևէ մարմին չի կարող այդ ներդրումը, էսպես ասած, ջարդել, փոշիացնել, այլև նկատի ունենք, որ որևէ մեկը չի կարող, մասնավորապես, փայ մտնել և այս կարգի այլ երևույթների մասնակից լինել, էդպիսի երևույթները մենք բացառում ենք: Մենք բացառում ենք նաև պետական մարմինների կողմից արատավոր այն պրակտիկան, երբ որ նալոգ ա դրվում, չգիտեմ, տարբեր այս կարգի երևույթներ», - ընդգծել է Փաշինյանը:

Հանդիպման մասնակիցներից մեկը, ներկայանալով, ասում է, որ իր անունը Մուրադ Մուրադյան է, պատմում է, որ 21 տարի առաջ իր բիզնեսները Հայաստանում խլել են, իրեն 6-րդ վարչությունում երեք օր ծեծել են, գործ բացել, մինչև հիմա հետախուզման մեջ էր, 2003 թվականին իր դեմ մահափորձ է իրականացվել, և նա կասկածում է, որ իր դեմ ուղղված գործողությունների հետևում կանգնած է «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատեր, հանրապետական պատգամավոր Աշոտ Արսենյանը: Մուրադյանը վարչապետին խնդրել է հանձնարարականներ տալ՝ պարզելու, թե ինչպես են խլվել իր բիզնեսները, մասնավորապես՝ ինչպես է վաճառվել միայն իրեն պատկանող գինու գործարանը: Նա ասել է, թե 21 տարի Հայաստանում չի եղել հետախուզման պատճառով, որը թավշյա հեղափոխությունից հետո է վերացվել, բայց պատրաստ է 3 միլիարդ դրամի ներդրում անել և Փաշինյանի օդանավով վերադառնալ Հայաստան:

Վարչապետը ասել է, որ նրա պատմությունը կետ առ կետ կստուգվի, «և եթե պարզվի, որ իրոք խնդիր չկա, և չպարզվի, որ Դուք, չգիտեմ, մի ինչ-որ գործ կա, որի մասին մենք հիմա էս պահին չգիտենք, ես Ձեզ հրավիրում եմ, կհրավիրեմ ինձ հետ նույն ինքնաթիռով վերադառնալ Հայաստան»: