ՀԱԿ-ը «պատմական պահ» է համարում Քոչարյանին մեղադրանք առաջադրելը, ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն՝ մտահոգիչ

Ռոբերտ Քոչարյան, արխիվ

«Պատմական պահ», - Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանն այսպես որակեց մարտի 1-ի գործով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու իրավապահների որոշումն ու նրան կալանավորելու միջնորդությունը:

Քոչարյանը մեղադրվում է այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու համար: Նույն մեղադրանքը օրեր առաջ առաջադրվել էր նաև 2008-ին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, որն, ըստ ՀՔԾ-ի, ստորագրել էր թիվ 0038 հույժ գաղտնի հրամանը, որով բանակը մասնակցել է հետընտրական իրադարձություններին:

«Պատմական է այն առումով, որ Հայաստանի ժողովուրդը հասնում է արդարության իրականացմանը: Ինձ համար «մարտի 1-ի» գործի հետ կապված միշտ չափանիշ է մարտի 1-ի զոհերի ծնողների վերաբերմունքը: Բարի լուրից հետո զանգել եմ և շնորհավորել ենք իրար, աչքալուսանք ենք տվել»,- «Ազատությանն» ասաց Մանուկյանը:

Վենդետա, քաղաքական հետապնդում․․․ Երեկ «Երկիր մեդիա»-ին տված հարցազրույցում Քոչարյանը երկրի նոր իշխանություններին նման մեղադրանքներ ներկայացրեց: Արամ Մանուկյանի խոսքով՝ Քոչարյանի հայտարաություններին ոչ մեկը չի հավատա․ - «Մանկական փոքրիկ հնարքներ են, որոնցով ինքը փորձելու է, մի գուցե փաստաբաններն են խորհուրդ տվել, գործը ներկայացնել, որպես քաղաքական: Չի աշխատի, ատելությունը, արդարադատությունը, փաստերը հզոր են»,- ասաց ՀԱԿ փոխնախագահը:

«Ժառանություն» կուսակցության վարչության նախագահ, 2008-ին Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ով մարտի 1-ին դանակահարվել էր, ասում է՝ մարտի մեկից հետո Քոչարյանը 40 օր դեռ նախագահ էր․ այդ ընթացքում դաժանությունների մեղավորները չպատժվեցին, փոխարենը ընդդիմադիրները ենթարկվեցին քաղաքական հետապնդման: Մարտիրոսյանը կարծում է՝ երեկվա հարցազրուցով Քոչարյանը ուրվագեց այն նախկին պաշտոնյաների շրջանակը, որոնց քննիչները կարող են հարցաքննության կանչել․ - «Ներառյալ Սերժ Սարգսյանին, Տիգրան Թորոսյանին, վերջապես՝ Լևոն Տեր-Պետրոսյանին: Ինքը որոշակի շրջանակ բացեց, որի շրջանակում պետք է հարցաքննության կանչվի»:

Հանրապետական Դավիթ Հարությունը «ծայրաստիճան մտահոգիչ» է համարում,որ քրեական հետապնդում է իրականացվում երկրորդ նախագահի նկատմամբ: «Կարծում եմ, որ եթե իրավական լուրջ փաստարկներ լինեն, ապա այդ փաստարկները պետք է ներկայացված լինեն նաև մամլո հաղորդագրության մեջ, որը չէր պարունակում իրավական տարրեր»,- ասում է Հարությունյանը:

Անդրադառնալով «Երկիր մեդիայի» լրագրողի այն դիտարկմանը, թե «հիմնավորումներ կային, որ նախկին իշխանությունները թույլ չեն տվել բացահայտել մարտի 1-ի գործը», Քոչարյանը նկատել էր՝ «թող բռնեն նրան, ով թույլ չի տվել»: Արդյո՞ք Քոչարյանը սլաքները չուղղեց Սերժ Սարգսյանի իշխանությանը: Դավիթ Հարությունյանն արձագանքեց․ - «Ես այդպես չեմ ընկալել դա, դա ավելի շատ բաց և հռետորական հարց էր, որ «եթե ինչ-որ մեկը համարում է, որ եղել են խոչընդոտներ և արգելքներ, ապա նախ և առաջ պետք է բացահայտի, թե ով էր խոչընդոտում»:

«Իսկ ինչո՞ւ տասը տարի շարունակ չբացահայտվեցին մարտի 1-ի զոհերի մեղավորները»․ այս հարցին էլ Դավիթ Հարությունյանը պատասխանեց․ - «Այն իրավիճակը, որ ստեղծվել էր մարտի 1-ին, իսկապես շատ ծանր էր, և ես անկեղծորեն չեմ կարող մեղադրել մեկին, եթե կոնկրետ սպանությունները չեն բացահայտվել»:

Ավելի ուշ տարածվեց Հանրապետականի հայտարարությունը: Ռոբերտ Քոչարյանի քրեական գործը համարում են «քաղաքական շարժառիթներով հարուցված», իսկ նրան առաջադրված մեղադրանքը, Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցության գնահատմամբ, թողնում է բացառապես քաղաքական հետապնդման տպավորություն: Հանրապետականները մտահոգված են: Նախկին իշխանական կուսակցությունը մասնավորապես նկատել է․ «Արցախյան հիմնախնդրում աներկբա հաստատակամություն ցուցաբերած նախկին գերագույն գլխավոր հրամանատարին և արցախյան ազատամարտի հաղթանակի վճռորոշ դերակատարներից մեկին օրինականության սկզբունքի հետ որևէ ընդհանրություն չունեցող շինծու և արհեստական մեղադրանքի առաջադրումը դիտում ենք որպես արցախյան հիմնախնդրի շուրջ տարիներ շարունակ առկա մոտեցումներից արմատապես տարբերվող հնարավոր զարգացումների ընդդիմախոսներին լռեցնելու փորձ»:

Քոչարյանին մեղադրանք առաջադրելը մտահոգել է նաեւ Դաշնակցությանը: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և այդ ժամանակվա իշխանությունների այլ ներկայացուցիչների՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը «խիստ մտահոգիչ է և կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք», տարածած հայտարարության մեջ նկատել է այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարությունում նախարարական աթոռներ զբաղեցնող Դաշնակցությունը: Իսկ 2008-ի արյունալի իրադարձություններից մեկ տարի առաջ Դաշնակցությունը Հանրապետականի հետ համագործակցության հուշագիր ուներ, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն՝ կոալիցոն էին կազմել:

ԲՀԿ ներկայացուցիչ, ԱԺ-ի փոխնախագահ Միքայել Մելքումյանի կարծիքով՝ տեղի է ունենում իրավական գործընթաց, հարցը չարժե քաղաքականացնել: Մելքումյանը մտահոգություն չունի, թե մարտի 1-ի գործը կարող է ԲՀԿ-ին հասնել: «ԲՀԿ-ն շահագրգռված է բոլոր այն գործընթացներով, որ եղել են օրենքի տառին հակառակ, բա ինչո՞ւ եմ ես ասում, որ մեր հանրապետությունում բոլորը օրենքի առջև պետք է հավասար լիենեն»: