2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործով երեկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելը:
ՀՔԾ հաղորդագրությունում ասված է, որ մեղադրանքը առաջադրվել է նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա: Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը եկավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի շենք: «Ազատության» հարցին՝ ընդունո՞ւմ է արդյոք Հատուկ քննչական ծառայության առաջադրած մեղադրանքը, Խաչատուրովը արձագանքեց՝ «չէ»: Լրագրողների այլ հարցերին նա չպատասխանեց և մտավ դահլիճներից մեկը:
Քիչ ավելի ուշ լրագրողների հետ զրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փաստաբան Միհրան Պողոսյանը հայտնեց, որ դատական նիստը նշանակված է ժամը 18-ին: Նա նշեց, որ իր պաշտպանյալը, ըստ էության, դեռ չի կարողացել ծանոթանալ առաջադրված մեղադրանքին:
Յուրի Խաչատուրովը երեկ ներկայացել էր ՀՔԾ՝ «Մարտի 1»-ի գործով հարցաքննության: Նա 2008-ի մարտիմեկյան արյունալի դեպքերի ժամանակ զբաղեցրել է Երևանի կայազորի պետի պաշտոնը, ապա նույն տարվա ապրիլին նշանակվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Խաչատուրովը ՀԱՊԿ գխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականի ապրիլի 14-ից:
Քրեական օրենսգրքի նույն՝ 300․1 հոդվածի առաջն մասով մեղադրանք է առաջադրվել նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը այս պահին քննում է դատարանը, և պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, որը հետախուզման մեջ է:
2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: