Կալանավորվել է ընտրողներին կաշառք տալու մեջ մեղադրվող Հեղինե Փոգրարյանը․ ՀՔԾ

Հատուկ քննչական ծառայությունում քննվող, հանրությանը «Զիբիլիքս» անունով հայտնի քրեական գործի շրջանակներում կալանավորվել է ընտրողներին կաշառք տալու մեջ մեղադրվող Հեղինե Փոգրարյանը:

«Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 25.07.2008 թ.-ին Հեղինե Փոգրարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի հերթական ընտրությունների նախընտրական փուլում հանդիպել է ընտրողներ Հ. Ս. -ին ու նրա կնոջը և ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանի օգտին կողմ քվեարկելու համար խոստացել է նրանց տրամադրել յուրաքանչյուր քվեի համար 10 հազար ՀՀ դրամ կաշառք: 26.07.2018 թ.-ին Հեղինե Փոգրարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- մասնավորապես, նշված է ՀՔԾ հաղորդագրության մեջ:

Անցած տարի Երևանի ավագանու ընտրությունների քարոզչության վերջին օրը «Ելք» դաշինքը իրավապահներին «հանցագործության մասին հաղորդում» էր ներկայացրել՝ դրան կցելով հանրապետական Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի մոտ տեղադրված աղբամաններից հայտնաբերված սկանդալային փաստաթղթեր, որոնք, ընդդիմադիր դաշինքի պնդմամբ, վկայում էին, որ այն ժամանակ իշխող Հանրապետականի կողմից ընտրակաշառքի բաժանումը կրել է համակարգված և կենտրոնացված բնույթ: