Թրամփը «մեծ պատժամիջոցներով» է սպառնում Թուրքիային, եթե ամերիկացի պաստորը ազատ չարձակվի

Ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոն, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է «մեծ պատժամիջոցներ» կիրառել Թուրքիայի նկատմամբ, եթե Անկարան ազատ չարձակի տնային կալանքի տակ գտնվող ամերիկացի հոգևոր հովվին։

«Միացյալ Նահանգները մեծ ծավալի պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ Էնդրյու Բրանսոնին երկար ժամանակ կալանքի տակ պահելու պատճառով, ով մեծ քրիստոնյա է, ընտանիքի մարդ և հրաշալի անձնավորություն», - գրել է Թրամփը Թվիթերի իր էջում։

Թուրքիայում ավելի քան երկու տասնամյակ աշխատած Բրանսոնը ձերբակալվել է 2016 թվականին և մեկ տարի անց կալանավորվել՝ մեղադրվելով ահաբեկչության և լրտեսության մեջ հօգուտ այն խմբերի, որոնք, ըստ Անկարայի, մասնակցություն են ունեցել 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձին։

Հուլիսի 25-ին Բրանսոնին կալանավայրից տեղափոխել են տնային կալանքի։ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ասել է, որ տնային կալանքի տեղափոխումը «բավարար չէ», և պաստորին պետք է թույլ տալ դուրս գալ Թուրքիայից: