Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խախտել է սահմանադրական կարգը, կյանքի իրավունքի խախտում է եղել՝ տասը զոհի: Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարեց 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:
«Մարտի 1»-ի գործի շրջանակում Հատուկ քննչական ծառայությունում հինգշաբթի օրը վկայի կարգավիճակով հարցաքննությունից հետո Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելը։ ՀՔԾ-ն միջնորդություն ներկայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Դատական նիստը գիշերը հետաձգվել է և կկայանա այսօր ժամը 11-ին:
«Շատ մեծ սպասելիքներ ունենք, և մեղավորները կպատժվեն», - հայտարարեց Սարգիս Քլոյանը: Նա պարզաբանեց, որ ասելով մեղավորներ՝ նկատի ունի «մոտ մի 20-30-40 մարդ՝ գեներալներից բռնած, վարչապետներից բռնած, ներքին զորքերի հրամանատարներից, Հովիկ Աբրահամյանից, Ազգային ժողովի նախագահից, դատախազությունից, Սերժ Սարգսյանից, Ռոբերտ Քոչարյանից, կայազորի պետերից, ոստիկանապետից»: «Բոլոր-բոլորներից, էլ ի՞նչ ասեմ, էդքան մեղավորներ կան՝ մոտ 50, 60, 100 հոգի մինչև անգամ, բոլորը պիտի պատժվեն», - շեշտեց մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զոհվածի հայրը:
2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:
Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:
2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 10 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները ցայսօր պարզված չեն:
Վերջին շրջանում «Մարտի 1»-ի գործի՝ նոր թափով վերսկսված քննության շրջանակներում ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Դատարանը որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել նրան։