Քոչարյանին կալանավորելու միջնորդությամբ դատական նիստը հետաձգվեց

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյան

Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությամբ դատական նիստը հետաձգվեց, այն կկայանա հուլիսի 27-ին, ժամը 11-ին։

Այս մասին «Ազատությանը» հայտնեցին երկրորդ նախագահի փաստաբանները, որոնք քիչ առաջ դուրս եկան Շենգավիթի դատարանից: Նրանք համոզմունք հայտնեցին, որ Քոչարյանը չի խուսափի և վաղը կներկայանա դատարան։

Հատուկ քննչական ծառայությունը հինգշաբթի օրը «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով հարցաքննության հրավիրված Քոչարյանին մեղադրանք առաջադրեց և միջնորդություն ներկայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նախկին նախագահի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Ինքը՝ Քոչարյանը, «Երկիր Մեդիային» տված հարցազրույցում պնդել է, որ Հայաստանի նոր իշխանությունները իր նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում։