«Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, վենդետա է». Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննությունից հետո երկրի նոր իշխանություններին մեղադրել է իր նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու մեջ։

«Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, վենդետա է», ֊ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված ծավալուն հարցազրույցում հայտարարել է Քոչարյանը։ ֊ «Սա բացահայտում չէ: Իրենք արդեն նշանակել են մեղավորներին և այդ նշանակման համար ձևակրպումներ են փնտրում, թե ինչ ձևով իրար կցեն՝ այդ մեղադրանքն ապահովելու համար: Սա, կրկնում եմ, չէի պատկերացնում, որ էդպիսի բան հնարավոր է ընդհանրապես, իսկ երկրի համար վտանգն անսահման մեծ է: Հաշվի առեք, որ ամբողջ բանակի վերնախավը մեղադրվում է, բանակն է մեղադրվում»։

Պարզաբանելով, որ իրեն ՀՔԾ են կանչել վկայի կարգավիճակով, բայց քննիչի հենց առաջին նախադասությունը եղել է այն, որ իր կարգավիճակը փոխվում է, նախկին նախագահը շեշտել է. ֊ «Ես երբեք չեմ մտածել, որ մեր իրականության մեջ կարելի է այսպիսի շինծու քրեական գործ ստեղծել փաստերի վերաբերյալ, որոնք ակնհայտ էին, բոլորը տեսնում էին, ամբողջությամբ օրենսդրության և Սահմանադրության շրջանակներում են իրականացվել»։

«Ամբողջությամբ հորինված, շինծու, քաղաքական ենթատեքստ ունեցող և իրականության հետ որևէ առնչություն չունեցող մեղադրանքներ են, որի մեջ ևս պարունակվում է․․․ Գիտե՞ք, ես տվյալ դեպքում հղում եմ անում հենց ՀՔԾ-ի հայտարարությանը՝ կապված Միխայիլ Հարությունյանի հետ, քանի որ այս կարգավիճակով ես կոնկրետ, այսպես ասենք, այս մասով իրավունք չունեմ բարձրաձայնելու: Բայց սա է՝ չի ճանաչվում Սահմանադրական դատարանի որոշումը, չի ճանաչվում 2008 թվի ընտրությունների արդյունքները, ըստ էության, այսպես կոչված լայն զանգվածների տրամադրությունները, էսպես ասենք, փորձում են տեղափոխել իրավական դաշտ և, ըստ էության, ստացվում է, որ 21․5 տոկոս հավաքած Լևոն Տեր-Պետրոսյանը ըստ էության հաղթել է 2008 թվի ընտրությունները», - ասել է Քոչարյանը՝ շարունակելով․ - «Սա է՝ բովանդակության, էսպես, խիտացված մասը այսքանն է, որը իրականությունից շատ-շատ հեռու է, որևէ առնչություն չունի, և սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, վենդետա է»:

«Սա արդեն կոռուպցիոն գործ չի, սա Մանվել Գրիգորյանի, այսպես ասենք, սգուշչյոնկա-տուշոնկա չի, սա լրիվ ուրիշ բան է, սա փորձում են պատմությունը վերափոխել, ամբողջը շուռ տալ․ եթե այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանն է կրել, ուրեմն՝ անցած ամբողջ տասը տարիները ապօրինի տարիներ էին, ուրեմն՝ ինչքան օրենքներ է ընդունվել, ինչ որ արվել ա այս տարիների ընթացքում, այս ամբողջը բան ա, սենց՝ նիգիլիզմի դրսևորում է ծայրահեղական», - հայտարարել է նախկին նախագահը:

Հարցին՝ կանխատեսո՞ւմ էր արդյոք նման բան, Քոչարյանը արձագանքել է․ - «Ես հատուկ եկել եմ ցուցմունք տալու համար: Հենց որ ինձ իմ կարգավիճակը փոխեցին՝ հենց սկզբից, որոշեցի ցուցմունք չտալ, որովհետև երբ որ կարդացել եմ այդ մեղադրանքը, ապշել եմ՝ ապշել եմ այդ մեղադրանքի իրավական տեսանկյունից զրոյական մակարդակի․․․ պետք էլ չի իրավաբան լինես՝ ես այս իրադարձությունների մասնակից եմ եղել և գիտեմ, որ ամբողջը այ սենց թելադրված է, սա հնարավոր չի»:

«Սա է իրական պատկերը: Եվ ասեմ՝ սա բերելու է մեկ ուրիշ բանի՝ այդ մշակույթն է երկրում ձևավորվելու, դա 37 թիվն է դառնում, այս մեղադրանքը առաջի ազդանշանն է, որ մենք այս ուղղությամբ ենք գնում: Սա է», - ասել է Հայաստանի երկրորդ նախագահը:

«Սա վտանգավոր պահ է մեր երկրի համար: Սա ռումբ է՝ դրված մեր պետականության տակ, որովհետև Սահմանադրական դատարանի որոշումն այս ձևով վերանայումը կամ արհամարհանքը այդ որոշման նկատմամբ, ռումբ է մեր պետության տակ: Ռումբ է, որը հաստատ պայթելու է, հնարավոր չէ սա չպայթի: Մեր ամբողջ իրավական համակարգն այսօր շատ մեծ վտանգի տակ է գտնվում», - հայտարարել է Քոչարյանը:

«Այո, վաղը չէ մյուս օր ես կարող է հայտնվեմ բանտում: Սենց ասեմ՝ կգնամ, կնստեմ, կպայքարեմ մինչև վերջ: Եթե մտածում են, թե փախնելու բան, ինչ, ո՞ւր պիտի փախնեմ՝ իմ կենսագրությունը ամբողջությամբ այս երկրի հետ է», - հայտարարել է պաշտոնաթող նախագահը:

«Ակնհայտ է մի բան՝ պարտավոր եմ պայքարել և պայքարելու եմ: Եվ եթե մեր ժողովուրդն անտարբեր չէ այս երևույթների նկատմամբ, այն մարդիկ, որ այսօր թաքնվեն, վաղն իրենց գլխին է ջարդվելու: Եվ կրկնում եմ՝ սա ռումբ է Հայաստանի պետականության համար, այն, ինչ անում են», - ասել է Քոչարյանը:

Մարտի 1-ի գործի շրջանակներում Հատուկ քննչական ծառայությունում այսօր վկայի կարգավիճակով հարցաքննությունից հետո Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։ ՀՔԾ-ն միջնորդություն ներկայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 10 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները ցայսօր պարզված չեն:

Վերջին շրջանում «Մարտի 1»-ի գործի՝ նոր թափով վերսկսված քննության շրջանակներում ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Դատարանը որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել նրան։

Ստորև կարող եք դիտել մի հատված «Երկիր մեդիա»-ին Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցից․