Ստեփանավանի տարածաշրջանի շուրջ 950 բնակիչներ ընդգրկված են եղել նպաստառուների ցուցակում՝ իրենք էլ այդ մասին չիմանալով:
Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության մի քանի աշխատակիցներ քաղաքացիների անվամբ ձևակերպել են նպաստի գումարները, այնուհետև յուրաքանչյուր ամիս «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքներից ստացել դրանք:
«Գործակալության պետի հանձնարարությամբ յուրաքանչյուր աշխատակից Ստեփանավանի իր սպասարկվող տարածքում ունեցել էր կեղծ նպաստառուներ: Աշխատակից է եղել, որ ունեցել է 400 կեղծ նպաստառու, եղել է, որ ունեցել է 200-300 նպաստառու: Այդ ցուցակները հատկացվել են Ստեփանավանի «Հայփոստ» ՓԲԸ-ի տարածքային մարմնին: Փոստային բաժանմունքի աշխատակիցները ստորագրել են այդ քաղաքացիների անվան դիմաց, իբրև թե բաժանել են այդ գումարները, և ստացված գումարները փոխանցել են սոցիալական ծառայության աշխատակցին», - լրագրողների հետ զրույցում բացահայտված կոռուպցիոն սխեման ներկայացրեց Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը:
Սոցիալական ծառայության աշխատակիցները այս պահի դրությամբ պետությանը հասցված մոտ 500 միլիոն դրամ վնասից 30 միլիոն դրամը վերականգնել են, մանրամասնեց դատախազը:
Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետին ձերբակալելու որոշում է կայացվել, սակայն ոստիկանությունը նրան դեռ չի հայտնաբերել: Գործով ձերբակալվել են գործակալության չորս աշխատակիցներ: