Փաշինյանը՝ Պուտինի մասին
«Պուտինին ես պատկերացնում էի ծանր բնավորությամբ, և ինձ համար հաճելի անակնկալ էր, որ նա շատ ուղիղ և անկեղծ մարդ է»,- ասել է Հայաստանի վարչապետը, նշելով, որ իրենք երկուսն էլ անկեղծ ու շիտակ են իրենց շփումներում: «Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում մութ անկյուններ չպետք է լինեն: Դա չի նշանակում, թե մենք ամեն ինչում միշտ համաձայնելու ենք: Դա նշանակում է, որ մենք միմյանց հանդեպ պետք է անկեղծ լինենք: Կարծում եմ՝ ամենամեծ բարեկամությունն է այն է, երբ երկու երկրները, երկու մարդիկ, նայում են միմյանց աչքերի մեջ ու խոսում ուղիղ, անկեղծ ու ազնիվ»,- ասել է Փաշինյանը:
Ռուսական կողմին հետաքրքրել է «անհայտ» Փաշինյանը
Հարցազրույցում Հայաստանի վարչապետը պատմել է մինչ թավշյա հեղափոխության հաղթանակը ռուսաստանցի խորհրդարանականների հետ ունեցած հանդիպմանն առնչվող մի դիպվածի մասին: Երբ նրանք ասել են, թե ռուսական կողմը հարցեր ունի՝ կապված այն բանի հետ, թե ով է ինքը, ինչ կենսագրություն ունի, Փաշինյանը պատասխանել է՝ Ռուսաստանն ունի աշխարհում ամենահզոր ու արդյունավետ հատուկ ծառայություններից մեկը, և եթե բոլոր հարցերի պատասխանները դեռ չունեն, ուրեմն դա իրենց պետք է անհանգստացնի: Նա նշել է նաև, որ 1991 թվականից ի վեր իր գործունեությունը հանրությանը հայտնի է, և գործնականում մամուլի հրապարակումներից կարելի է իմանալ՝ ում հետ է շփվել, ում հանդիպել, ինչ և ինչպես է մտածել, իմանալ նաև իր հայացքների ու դրանց էվոլյուցիայի մասին:
Ղարաբաղի շուրջ
Վենեդիկտովի հարցին՝ ռուսական կողմից արդյոք առաջարկ չի՞ հնչել՝ ճանաչեք Ղրիմը և մենք կճանաչենք Ղարաբաղը, Փաշինյանը պատասխանել է՝ ոչ, այդպիսի առաջարկ չի արվել: Նա ասել է, որ հիմա տարածաշրջանում շատ լարված իրավիճակ է: «Նկատի ունեմ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը: Հիմա շատ բարձր է պատերազամի հավանականությունը: Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի»,- ասել է Փաշինյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում բոլորը համոզված են, որ Ռուսաստանը տիրապետում է բոլոր միջոցներին՝ թույլ չտալու նոր սրացում տարածաշրջանում և զսպելու Ադրբեջանին, որ վերջինս չհարձակվի Հայաստանի ու Ղարաբաղի վրա:
«Ռուսաստանն ունի բոլոր լծակները, բոլոր հնարավորությունները՝ պատերազմ թույլ չտալու համար, և ես չեմ հավատում, որ մեր ռազմավարական դաշնակիցը, մեր դարավոր բարեկամն ու ընկերը պատերազմ թույլ կտա: Ես չեմ կարող դրան հավատալ»,- ասել է Փաշինյանը: Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի առնչությամբ նա միայն ասել է, որ այդ թեմայով խոսել է Պուտինի հետ, չներկայացնելով այլ մանրամասներ:
Իր որդու՝ Ղարաբաղում զինծառայության անցնելու մասին
Փաշինյանն ասել է, որ իր որդու զինվորական ծառայությունը Ղարաբաղում շատերը մեկնաբանել են որպես ագրեսիվ քայլ, սակայն իրականում բոլորովին հակառակն է՝ դա խաղաղասեր ժեստ է, որովհետև եթե իր որդին կամավոր Ղարաբաղ է գնում, դա նշանակում է, որ ինքը Ղարաբաղում պատերազմ չի ցանկանում: «Աստված մի արասցե, որ մեր տղաները, Ադրբեջանի շարքային քաղաքացիների տղաները, զոհվեն պատերազմում»,- ասել է Նիկոլ Փաշինյանն ու հավելել․ «Ես շատ ուրախ կլինեի, եթե նախագահ Իլհամ Ալիևը ևս իր որդուն ծառայության ուղարկեր առաջնագիծ, որովհետև եթե նրա որդին նույնպես այնտեղ ծառայի, ես դա կընկալեի որպես խաղաղասիրական ժեստ: Մենք բոլորս կհամոզվեինք, որ Ալիևը նույնպես չի ցանկանում, որ իր որդին զոհվի»:
«Ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է կարգավորել»
Հարցազրույցում Փաշինյանն ասել է, թե հավատում է, որ ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է կարգավորել: «Շատերն են մեզ հարցնում՝ իսկ դուք պատրա՞ստ եք զիջումների, բայց ոչ ոք չի հարցնում՝ իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է զիջումների: Բոլոր իրավիճակներին մենք համարժեք ենք արձագանքելու: Մենք պատերազմ չենք ցանկանում, բայց մենք, իհարկե, կկռվենք, եթե Ադրբեջանը հարձակվի ու պատերազմ սկսի: Ես ոչինչ չեմ խնայի մեր ժողովրդին ու երկիրը պաշտպանելու համար»,- ասել է ՀՀ վարչապետը:
Ալեքսեյ Վենեդիկտովը, հիշեցնելով, որ Ռուսաստանի նախագահը մի քանի անգամ կազմակերպել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները, հետևյալ հարցն է ուղղել՝ արդյո՞ք մոտ ապագայում նախատեսվում է որևէ ձևաչափով նման հանդիպում: Փաշինյանը պատասխանել է՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը Պուտինը ծանոթացրել է իրենց, բայց դա շարունակություն չունեցավ: Բրյուսելում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրերին, ինքն ու Ալիևը այնտեղ էին, սակայն իրար չեն բարևել: «Այդպես ստացվեց»,- ասել է Փաշինյանը: Ինչ վերաբերում է զանգահարելուն, ապա, Հայաստանի վարչապետի խոսքով՝ դա լավ գաղափար է, բայց «Ալիևի հեռախոսի համարը չունի»:
Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների շուրջ
Փաշինյանը պնդել է՝ Հայաստանը չի ձգտում դեպի ՆԱՏՕ: «Ոչ, իհարկե ոչ»,- ընդգծել է նա, շարունակելով՝ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է և նպատակ ունի այդ կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունն ավելի արդյունավետ դարձնել: «Մենք որոշ հարցեր ունենք ՀԱՊԿ-ի մեր գործընկերներին» ,- հավելելէ Հայաստանի վարչապետը:
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ: Պարզաբանել է՝ դա նաև տարածաշրջանային համագործակցության մեթոդ է: «Այդ շրջանակներում մենք համագործակցում ենք նաև Վրաստանի հետ, որովհետև, ցավոք, մենք և Վրաստանն, այդ առումով, տարբեր արտաքին քաղաքականություն ենք վարում, և մեզ անհրաժեշտ է ինչ-որ կերպ հավասարակշռել իրավիճակը: ՆԱՏՕ-ի շրջանակներում մեզ համար շատ կարևոր է Վրաստանի հետ հարաբերությունները»,- ընդգծել է Հայաստանի վարչապետը:
Հայաստանում ռուսական ուժի ներկայության մասին
Փաշինյանն ասել է, որ ռուսաստանցի սահմանապահները հսկում են Հայաստան-Թուրքիա սահմանը, ինչը, նրա գնահատմամբ, շատ անհրաժեշտ է Հայաստանին, որովհետև Հայաստանի զինված ուժերն ազատվում են այդ պարտականությունից: «Մեզ համար մեծ ծանրաբեռնվածություն կլիներ այդ երկար սահմանի պաշտպանությունը մեզ վրա վերցնելը»,- նշել է նա:
Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի մասին էլ Փաշինյանն ասել է, որ ռազմակայանը Հայաստանի անվտանգության համակարգի կարևոր մաս է կազմում: Նա ասել է, որ, ըստ ըստ գոյություն ունեցող պայմանագրերի, ռազմակայանը կոնկրետ պարտականություններ ունի, բայց դա չի նշանակում, որ ռազմակայանի գործունեության հետ կապված որևէ խնդիր չկա: «102-րդ ռազմակայանի ներկայությունը Հայաստանում համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին, և դա բոլորի համար պարզ է»,- նշել է Փաշինյանը:
Նոր ԱԷԿ-ի կառուցման, Սփյուռքի ու Հայաստանում սպասվող առաջիկա ներքաղաքական իրադարձությունների մասին
Փաշինյանն ասել է, որ աշխատում են հայկական ատոմակայանի աշխատանքը երկարաձգել մինչև 2040 թվականը, հույս ունենալով, որ այդ ընթացքում Ռուսաստանը կօգնի՝ կառուցել նոր, ժամանակակից ատոմակայան: Նա ասել է, որ նոր ատոմակայան ինքնուրյուն կառուցելու համար Հայաստանն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ չունի:
Սյուռքի ներուժի օգտագործման հետ կապված Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասել է, որ մտադիր են վերացնել Հայաստանի կառավարմանը դրսում ապրող հայերի մասնակցության արգելքը:
Հայաստանի առաջիկա ներքաղաքական գործընթացների առնչությամբ էլ Հայաստանի վարչապետն ասել է՝ սեպտեմբերին անցկացվելու են Երևանի քաղաքապետի «կարևոր ընտրություններ», իսկ խորհրդարանական արտահերթ ընտրությունները, հնարավոր է, լինեն առաջիկա հոկտեմբերին, նոյեմբերին կամ դեկտեմբերին, նույնիսկ՝ եկող տարվա մայիսին: