Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կմասնակցի իտալական «Էմիլիա Ռոմանիա» փառատոնին

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, արխիվ

Ամռան ամիսներին, հատկապես դասական երաժշտության սիրահարները, հնարավորություն ունեն ներկա գտնվել եվրոպական ամենատարբեր փառատոների: Իսկ մեզ մոտ՝ Հայաստանում փառատոները մեկնարկում են աշնան սկզբից: Սակայն հայաստանյան երաժիշտները ևս հնարավորություն ունեն մասնակցել եվրոպական հեղինակավոր փառատոներին նաև ամռանը:

Արդեն հայտնի է, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ, հաջորդ ամսվա վերջին՝ օգոստոսի 25-ից 30-ը, Իտալիայում կմասնակցի «Էմիլիա Ռոմանիա» դասական երաժշտության փառատոնին: Համերգները տեղի կունենան իտալական 4 քաղաքներում: Համերգային ծրագրում ընդգրկված են Արամ խաչատրյանի ստեղծագործությունները: Հայաստանի պետական նվագախմբի հետ հանդես կգան ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը, տավիղահարուհի Յանա Բուժկովան՝ Չեխիայից և ֆլեյտահար Մասիմո Մերչելլին՝ Իտալիայից:

Հյուրախաղերի ավարտից հետո, օգոստոսի վերջին, ՀՖՆ-ն հանդես կգա Երևանում, Արամ Խաչատրյան համերգասարհում, երկու օպերաների համերգային կատարմամբ: Կհնչեն Պուչինիի «Թիկնոցը» և Լեոնկավալոյի «Պայացները»:

Իսկ ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին համերգը Երևանում կկայանա արդեն սեպտեմբերի 12-ին՝ Երևանյան 12-րդ միջազգային փառատոնի բացման ժամանակ: Այդ օրը հայ երաժշտասերները կարող են ունկնդրել մեր լավագույն երաժիշտներից ջութակահար Սերգեյ Խաչատրյանին, որը հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:

Փառատոնի բացման համերգին կհնչի Բրամսի ջութակի կոնցերտը և Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան՝ Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ: «Փառատոնն է բացվելու, հիանալի արտիստներով: Մենք ունենք շատ լավ ուժեր, որոշ ուժեր էլ չունենք և պետք է ունեցած երիտասարդ ուժերի մեջ զարգացնենք»,- «Ազատությանն» ասաց Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդվարդ Թոփչյանը, հավելելով, որ առաջիկայում նախատեսված են նաև հյուրախաղեր Գերմանիայում և Չինաստանում:

Մեր մեկ այլ անվանի երաժիշտ Ստեփան Ռոստոմյանի համոզմամբ էլ՝ փառատոները և, առհասարակ, սերտ կապերը համաշխարհային երաժշտարվեստի ներկայացուցիչների հետ, միայն ու միայն կարող են նպաստել հայ ժամանակակից կատարողական և կոմպոզիտորական արվեստի զարգացմանը: Հիշեցնենք՝ Ստեփան Ռոստոմյանը «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիրն է:

«Ունենք հրաշալի կատարողներ ամբողջ աշխարհում, նվագախումբ: Բայց մինչև հիմա ընդհանուր մտածողությունը եղել է՝ գնալը, գոյատևելը: Ավելի լավ է մեռնել, քան գոյատևել: Մենք պետք է լավ ապրենք, որովհետև մեզ դա տրված է»,- ասաց Ստեփան Ռոստոմյանը:

Your browser doesn’t support HTML5

«»