ՄԱԿ-ի փորձագետները Ռուսաստանին կոչ են անում քննել բանտերում կտտանքների մասին հաղորդումները

Ռուսաստան - Կադր Յարոսլավլի բանտում խոշտանգումները պատկերող տեսանյութից

ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փորձագետները կոչ են անում Ռուսաստանին հետաքննել ռուսական բանտերում լայնորեն կիրառվող խոշտանգումների և բռնությունների մասին հաղորդումները:

«Ռուսաստանը Եվրախորհրդի անդամ երկրների շարքում առաջիններից մեկն է կալանավայրերում բռնության արդյունքում արձանագրվող մահացությունների թվով», - հայտարարել է ՄԱԿ-ի կտտանքների դեմ պայքարի հանձնաժողովի նախագահը, հավելելով՝ չկան երաշխիքներ, որ այս հանցագործությունների մեղավորները կատարվածին համարժեք պատժի են արժանանում:

Ավելի վաղ ռուսական «Նովայա գազետա» օրաթերթը տեսանյութ էր հրապարակել բանտերից մեկում կալանավորի դեմ կիրառվող դաժան բռնությունների մասին, ինչից հետո իշխանությունները բանտի վեց աշխատակցի էին ձերբակալել: